Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոնց որ թե էդ մարդը օրենքի հետ խնդիրներ ունի, էլի, տեսնենք ինչ է լինում, հետո կխոսենք». Արարատ Միրզոյանը՝ Քոչարյանի՝ իշխանություն վերցնելու մասին

Մայիս 30,2019 18:09

Սարդարապատի միջոցառմանը Արցախից ներկայացուցիչ չկար: Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը, նրա խափանման միջոցը փոխվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ այդ ամենից հետո ինչպիսի՞ն են Արցախ-Հայաստան հարաբերությունները՝ պատասխանեց. «Ձեր հարցն այն մասին է, որ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը միջնորդել են եւ դրա համար մենք նեղացել ենք եւ չենք հրավիրել էս միջոցառումների՞ն Սարդարապատի: Սեպ Արցախի եւ Հայաստանի միջեւ որեւէ բան չի կարող լինել, դա անթույլատրելի է, որեւէ մեկը թող փորձի սեպ խրել, ես կորակեմ դա ազգային դավաճանություն»:

Հարցին՝ քննադատություն կար, որ հնարավոր էր դա կանխել, թույլ չտալ, որ նրանք միջնորդություն ներկայացնեին Քոչարյանի համար, դա իսկապե՞ս հնարավոր էր՝ Միրզոյանը պատասխանեց. «Ինչի՞ համար, մարդիկ քաղաքական գործիչներ են, որոշումներ կայացնող են, իրենք անհրաժեշտ են համարել այդպիսի միջնորդություն անել: Չէ՞ որ յուրաքանչյուրս ամեն վայրկյան մեր խոսքով, մեր գործողություններով կերտում ենք մեր ճանապարհը, որը հետագիծ է դառնալու: Հիմա այդ մարդիկ որոշել են անել այդ քայլը եւ պատմության մեջ նաեւ այդ քայլով մնալ»:

Հարցին՝ երբ Մարտի 1-ի գործով այսպես ասած հակառակ կողմն էր դատվում, նրանք ոչ մի քայլ չէին ձեռնարկում, սա ձեզ համար տարօրինակ չէ՞՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Տարօրինակ է»: Նա ասաց, որ առիթ չի եղել, մյուս հանդիպման ժամանակ կհարցնի նրանց:

Լրագրողները հարցրեցին՝ Քոչարյանն ակտիվանում է՝ ԶԼՄ-ներ գնելուց սկսած՝ մինչեւ ֆեյսբուքյան էջեր ու խմբեր է ձեռք բերում, խոսում է ընդդիմադիր բեւեռ ստեղծելու մասին, սա իշխանությունների համար վտանգ ներկայացնո՞ւմ է՝ Միրզոյանը պատասխանեց. «Որ իշխանությունը կխլի՞ մեզանից: Իշխանությունը ումը կլինի, ով կլինի մեծամասնություն գործադիրում ՝ որոշում է ՀՀ ժողովուրդը: Եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ մենք չենք լինելու իշխանություն՝ 10 րոպե հետո, թե 5 տարի հետո էական չի: Եթե որեւէ անձ, այդ թվում ձեր ասած մարդը կհավաքի անհրաժեշտ աջակցությունը, ապա քավ լիցի, մենք խնդիր չունենք պահել իշխանությունը մեզ եւ չտալ որեւէ մեկի, ով ուզում է լինի: Ինչ վերաբերում է ձեր ասած մարդուն, ապա ոնց որ թե էդ մարդը օրենքի հետ խնդիրներ ունի, էլի, տեսնենք ինչ է լինում, հետո կխոսենք»:

Հարցին՝ ՀՅԴ-ն լրջանալու կոչեր էր արել, հետեւություններ չե՞ք անելու՝ Միրզոյանը պատասխանեց. «Կլինի՞ Դաշնակցությունն ինքը հետևություններ անի, երեւի արժե, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031