Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցները կոչ են անում թափանցիկ հետաքննություն իրականացնել՝ բացահայտելու Ամուլսարի պաշտպանների իրավունքների խախտման համար պատասխանատու բոլոր անձանց. «ԷկոԼուր»

Մայիս 30,2019 17:47

«ԷկոԼուր» կայքը հաղորդում է, որ մարդու իրավունքների պաշտպանների եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները` «Մարդու իրավունքների պաշտպանների դիտորդական առաքելությունը», «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան» (FIDH) և «Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունն» (OMCT) իրենց խորին մտահոգությունն են հայտնում Ամուլսարի պաշտպանների դեմ ուղղված դատական հետապնդումների և զրպարտչական արշավների կապակցությամբ:

Կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել իրավապաշտպանների իրավունքները և անմիջապես մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնել՝ բացահայտելու Ամուլսարի պաշտպանների իրավունքների խախտման համար պատասխանատու բոլոր անձանց, նրանց բերել անկախ դատական ատյան և կիրառել նրանց նկատմամբ օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

Այս մասին նշված է «Հայաստան. Դատական հետապնդումներ և զրպարտչական քարոզարշավ շրջակա միջավայրի մի քանի պաշտպանների դեմ» վերնագրով հրապարակման մեջ, որն իր կայքում տեղադրել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» միջազգային կազմակերպությունը (FIDH):

Հրապարակման համաձայն՝ Ամուլսարի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանների դիտորդական առաքելությանը, «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» միջազգային կազմակերպությանը և Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությանը (OMCT)՝ խնդրելով միջամտել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին:

Ամուլսարի պաշտպաններ լրագրող Թեհմինե Ենոքյանի, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Լևոն Գալստյանի և Անի Խաչատրյանի, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավար Նազելի Վարդանյանի, Շիրակ Բունիաթյանի և Էդմոն Աղաբեկյանի դիմումում ներկայացված է իրենց դեմ Ամուլսարի հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված դատական հայցերի մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ օգտատերերի կողմից Ամուլսարի պաշտպանների դեմ ուղղված զրպարտչական գրառումների և տեսանյութերի մասին:

Դիմումատուները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններից խնդրել են գրել Հայաստանի իշխանություններին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ինչպես նաև Հայաստանում գործող դեսպանություններին և Հայաստանում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հորդորելով նրանց.

1․ Դադարեցնել բոլոր հետապնդումները, այդ թվում` դատական, Ամուլսարի պաշտպանների նկատմամբ և ապահովել, որ նրանք կարողանան իրականացնել իրենց գործունեությունը առանց խոչընդոտների:

2․ Իրականացնել զրպարտչական հրապարակումների մանրակրկիտ, թափանցիկ հետաքննություն` բացահայտելու բոլոր պատասխանատուներին, նրանց բերել անկախ դատարան, և կիրառել նրանց նկատմամբ օրենքով նախատեսված պատժամիջոցները.

3․ Բոլոր հանգամանքներում հետևել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1998 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրի դրույթներին, մասնավորապես, 1-ին եւ 12.2-րդ հոդվածներին:

4․ Ապահովել բոլոր պայմաններում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին համապատասխան:

Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031