Արդեն մեկ ամիս է՝ ԱԺ միջանցքում բացվել է նկարչուհի Նարգիզ Փաշայանի ցուցահանդեսը: Լրագրողները, երբ մոտենում եւ հարցնում էին, թե ի՞նչ արժեն դրանք, նկարչուհին պատասխանում էր, որ մեծ նկարներն արժեն 25 հազար դոլար՝ յուրաքանչյուրը:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Փաշայանն ասաց, որ նկարներից երեքը գնել է ԱԺ-ն, մասնավորապես, տեղեկություն կար, որ գնորդը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է: Մենք որքան էլ հարցրեցինք, թե ինչքա՞ն են վճարել երեք նկարի համար՝ նկարչուհին չասաց՝ վստահեցնելով, թե իրեն այդ նյութականը չի հետաքրքրում:
Մենք հարցում ենք արել ԱԺ-ին՝ պարզելու, թե որքա՞ն գումար են այդ նկարների համար ծախսել պետբյուջեից:
Կարդացեք նաև
Մինչ այդ այսօր Aravot.am-ը Արարատ Միրզոյանին հարցրեց՝ ճի՞շտ է, որ այդ թանկարժեք նկարները գնել է եւ որքա՞ն է վճարել: Նա պատասխանեց, որ ինքը չի գնել, այլ ԱԺ-ն. «Դա ԱԺ-ինն է լինելու: Նկարիչը սիրով համաձայնեց այսպես ասեմ՝ չափազանց մեծ զեղչ անել»: Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենք այդքան թանկ ձեռք չեն բերել, համենայնդեպս, 25 հազար դոլար յուրաքանչյուր նկարի համար չեն վճարել. «Իսկապես չեմ կարող ասել, եթե հիշողությունս չի դավաճանում, խոսքը 70-80% զեղչի մասին է: Համաձայնեք, այդ զեղչն էական է»:
Հարցրեցինք՝ ի՞նչ նպատակով եք դրանք ձեռք բերել՝ Միրզոյանը պատասխանեց, որ ԱԺ-ի պատերին են կախելու. «Գիտեք, ունենք սրահներ, որտեղ տարբեր հյուրեր ենք ընդունում, այդ թվում՝ բարձրաստիճան: Մինչ այժմ նման պրակտիկա է եղել թե՛ ԱԳՆ-ի կողմից, թե՛ կառավարությունում, որ վերցնում էին տարբեր պատկերասրահներից՝ ժամանակավոր պահպանման համար: Հիմա սա լուծման ձեւերից մեկն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ