Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացարձակ չեմ ամաչում այն կադրերից, թե ինչպես եմ դիմավորում Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին և Արարատ Միրզոյանին. Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Մայիս 30,2019 17:11

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության հարցը:

Առաջադրվեց ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարեց. «Քաղաքական վայրիվերումները, որ տեղի ունեցան համալսարանում և համալսարանից դուրս, այսօր կգտնեն իրենց ավարտը: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությամբ մենք դուրս կգանք այս թնջուկից»:

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ևս պաշտպանեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը և հորդորեց ընտրել նրան. «Գեղամ Գևորգյանը հայտնի գիտնական է, նրա հետ ես գնացել եմ միջազգային կոնֆերանսների, նրան բոլորը հարգում են: Նույնիսկ հարյուրամյակի միջոցառումները նպատակ ունենալով՝ վստահ եմ, որ պատվով անցկացնելու համար լավագույնն է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»:

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ասաց, որ իրեն զարմացնում են այն տրամադրությունները, թե Գեղամ Գևորգյանը դրսից է եկել. համալսարանական չէ:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արթուր Վաղարշյանն էլ նշեց, թե անընդհատ խոսում են համալսարանը երիտասարդացնելու մասին, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Ուստի հայտարարեց, որ հորդորում է պաշտոնակատար ընտրել երիտասարդ իրավագետին:

ԵՊՀ խորհրդի՝ ուսանողական հատվածը պաշտպանեց Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը:

Գեղամ Գևորգյանն իր ելույթում հայտարարեց. «Ինձ համար ցավալի է, որ իմ անունը կապում են հակահեղափոխության և հեղափոխության հետ: Տարիներ շարունակ ծառայել եմ կրթությանը և գիտությանը: Բացարձակ չեմ ամաչում այն կադրերից, որ պարբերաբար ցուցադրվում են կայքերով, թե ինչպես եմ դիմավորում Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին և Արարատ Միրզոյանին: Առավել ցավալի է, որ այս մասին հայտարարում են մարդիկ, որոնք այդ ժամանակ երկու դռան հետևում թաքնված դողացնում էին»:

Թեկնածուներից Վահե Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես դեմ եմ այս հարցի քաղաքականացմանը և հիմնականում առաջնորդվեցինք հանուն համալսարանի գործելու տրամաբանությամբ և գանք այն եզրագծին, որ համալսարանը պետք է դուրս դնել քաղաքականությունից»:

ԵՊՀ խորհրդի քվեարկությամբ ԵՊՀ ռեկտորի ժ/պ ընտրվեց Գեղամ Գևորգյանը: Լրագրողների հետ զրույցում դառնալով այն փաստին՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն է առաջարկել իր թեկնածությունը, Գեղամ Գևորգյանն արձագանքեց. «Մի քանի անգամ եմ ընդամենը հանդիպել Հովհաննես Հովհաննիսյանին: Եթե նա լավ է վերաբերվում իմ թեկնածությանը, ես շնորհակալ եմ նրան, բայց դրա տակ պետք չէ որևէ բան փնտրել»: Հարցին՝ ինչպե՞ս  կմեկնաբանի այն, որ դիմավորել է ժամանակին Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, Գեղամ Գևորգյանն իր քայլը բնութագրեց կարգապահական:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031