«Ինձ համար խելոք իմ աշխատասենյակում աշխատում էի, մեկ էլ՝ գործընկերներից մեկը իմ մասին ելույթ է ունենում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածության հարցի քննարկման ժամանակ: Ստիպված եմ անդրադառնալ: Սիրելի գործընկերն ասել է, թե ես ստահոդ տեղեկություններ եմ տարածել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի առնչությամբ»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ իրեն հասցեագրված մեղադրանքին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ն
ա պարզաբանեց. «Տեղեկացնեմ, թե ինչ եմ արել: «Ֆեյսբուքյան էջում «կիսել» եմ Փաշինյանի մուտքը ԵՊՀ պատկերող տեսանյութը, որում սպիտակ մազերով անձը թույլ չի տալիս նրան ներս մտնել, խոչընդոտում է ԶԼՄ-ների աշխատանքը»:
Մարուքյանի բնորոշմամբ՝ ինքը գրել է, որ իշխանությունն այդ մարդուն ուզում է դարձնել ԵՊՀ ռեկտոր. «Նա, որ վատն էր մեկ տարի առաջ, հիմա լավն է դարձել, հեղափոխական է դարձել: Իմ ասածի ի՞նչն էր ստահոդ: Փաստորեն, իշխանությունը եւ Արայիկ Հարությունյանը շահագրգռված են նրա ընտրությամբ, ինչը փաստում է Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը՝ դրան չվերաբերող հարցի քննարկման ժամանակ»:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ որեւէ ստահոդ տեղեկություն չի տարածել. «Ասեմ ավելին: Մենք տեղեկություններ ունենք: Ասում են՝ ուզում են այդ մարդուն դարձնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար (ի դեպ, Գեղամ Գեւորգյանն այսօր արդեն ընտրվել է պաշտոնակատար.-խմբ), որից հետո պարոն Հովհաննիսյան ինքն է ուզում դառնալ ռեկտոր: Եթե որեւէ իշխանական պատգամավոր ուզենա դառնա մայր բուհի ռեկտոր, դա կլինի բոլորիս ընդունած սկզբունքի խախտում: Չէ՞ որ ասում ենք, որ կրթական համակարգը չպետք է քաղաքականացվի: Մենք ԵՊՀ-ի վրա ազդեցության լծակներ չունենք, ի տարբերություն իշխանության»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ