Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհի հիմնական կապալառուն չի վճարել ենթակապալառուներին, վերջինս էլ՝ աշխատակիցներին

Մայիս 30,2019 16:39

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը կառավարության այսօրվա նիստից հետո խոսեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության մասին՝ հայտնելով, որ ընկերությունն ունի ֆինանսական դժվարություններ եւ այժմ գտնվում է սնանկացման գործընթացում:

«Սնանկացված չէ, գտնվում է սնանկացման փուլում։ Այն սկսվել է երկու տարի առաջ, նոր չէ։ Անցած տարի իրենք որոշակի աշխատանքներ արել են, մենք վճարել ենք, այս պահի դրությամբ անհամաձայնությունը մի քանի կետով է, նաեւ ծավալներին է վերաբերում։ Անհամաձայնության կետը՝ դա ժամկետների երկարաձգումն է իրենց կողմից, մյուսը՝ Տրանշ 1-ով Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ հատվածների պահված գումարի հետվերադարձը և վերջին կատարողականի վճարումը»,- ասաց պարոն Բադալյանը:

Տրանշ 2-ի շինարարության ավարտը նախատեսված էր այս տարվա հուլիսին, եւ այս խնդիրների պատճառով չեն հասցնելու իրականացնել:

Փոխնախարարը նաեւ ասաց,որ սեպտեմբերին լրանում է վարկային համաձայնագրի ժամկետը. «Մենք նախատեսել ու ձեռնարկել ենք միջոցներ՝ վարկի ժամկետը երկարացնելու ուղղությամբ»:

Այն հարցին էլ, թե շինարարությունը շարունակելու համար կառավարությունը նոր կապալառո՞ւ պետք է գտնի, փոխնախարարը պատասխանեց, որ դա կախված է իսպանական ընկերության հետ բանակցություններից. «Եթե դրանք կառուցողական ընթանան, գուցե կառավարությունը ցանկություն կունենա նրանց հետ շարունակելու աշխատանքները»:

Հիշեցնենք,որ այսօր «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները Արագածոտնի մարզի Ուջան գյուղի հատվածում փակել են ճանապարհը՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը: Ըստ բողոքի ցույցի մասնակիցների իրենք չեն վարձատրվել 2018 թվականի սեպտեմբերից:

Պարոն Բադալյանն այս առնչությամբ ասաց, որ ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից, աշխատակիցներն էլ չեն վճարվել գործատուների կողմից. «Հիմնական կապալառուն ընկերությունն է, որը իրականացնում էր Տրանշ 2-ի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքները, սակայն, երկար ժամանակ է դադարեցված են, կա անհամաձայնություն նախարարության եւ կազմակերպության միջեւ։ Պետք է նշեմ, որ նախարարությունն իր պարտավորությունները կատարել է, բոլոր վճարումները իսպանական ընկերությանն արվել է, սակայն ընկերությունը չի վճարել իր ենթակապալառուներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031