Քիչ առաջ ԵՊՀ-ում մեկնարկեց հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում երկու հարց է. արդյոք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարարի ռեկտորի վրա դրված չափանիշներին՝ մասնագիտական երեք տարվա կառավարման փորձ, դոկտորի աստիճան և պրոֆեսոր: Մյուս հարցը արդյոք քվեարկությունը պետք է լինի բա՞ց, թե՞ փակ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը (լուսանկարում) ասաց՝ օրենքը պահանջում է, որ այդ քվեարկությունը լինի բաց:
Սակայն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արթուր Վաղարշյանն առաջարկություն հնչեցրեց այն փակ քվեարկությամբ անցկացնել: Հնչեց պատճառաբանություն, որ եթե մարդիկ աշխատում են իրար հետ, ապա բաց քվեարկության դեպքում հետագայում կարող են խնդիրներ առաջանալ:
Հակառակ կարծիք հնչեց, թե սա այն հարցն է, որ մարդ պետք է տղամարդկություն ունենա իր կարծիքը բաց ասել: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հայտարարեց՝ ինչո՞ւ ենք կաշկանդվում փակ քվեարկությունից և հայտարարեց, որ շատ մարդիկ, որոնք իրենց կամարտահայտությունից կաշկանդվել են, փակ քվեարկության դեպքում չեն կաշկանդվի:
Կարդացեք նաև
Այս առաջարկությունը քվեարկության արդյունքում մերժվեց:
Օրակարգային մյուս հարցը հոգաբարձուների խորհուրդը ընդունեց: Այսինքն՝ ռեկտորի պաշտոնակատարը պետք է բավարարի ռեկտորին թեկնածուից պահանջվող չափանիշներին՝ մասնագիտական երեք տարվա կառավարման փորձ, դոկտորի աստիճան և պրոֆեսոր:
Այնուհետև հնչեցին ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուների առաջադրումներ: Առաջադրեցին ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը:
Այս պահին թեկնածուները հանդես են գալիս ելույթներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ