Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ. «Մինչեւ վերջ ընկնելու եմ հետեւներից: Ով մեղավոր է, անպայման պիտի պատժվի»

Մայիս 30,2019 15:58

2015 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարող «Ուլիս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը ձերբակալվել էր «պայմանավորված խաղեր» կազմակերպելու կասկածանքով: Ավելի քան 3,5 տարի Գագիկ Սիմոնյանը պայքարել է ապացուցելու համար, որ ինքն այդպիսի բան չի արել եւ իր ձերբակալությունն ու ներկայացված մեղադրանքը միանգամայն անհիմն են: Նա դեռ անցած տարվա սեպտեմբերին «Սպուտնիկ» Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ էր խոսել այդ մասին եւ հայտարարել, որ պայքարելու է մինչեւ վերջ:

Այսօր Գագիկ Սիմոնյանը նույն մամուլի կենտրոնում լրատվամիջոցներին պատմեց այս ընթացքում իր կրած տառապանքների, հաղթահարած խնդիրների մասին եւ հայտարարեց, որ դատարանը գործը կարճել է, իսկ 2019 թվականի մայիսի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրեն արդարացրել եւ որ ինքը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ:

Իր կամքից անկախ՝ Գագիկ Սիմոնյանը շուրջ 3,5 տարի հեռու է եղել ֆուտբոլից, սակայն ՀՖՖ-ն որոշում է կայացրել դիմել ՈՒԵՖԱ՝ նրան վերադարձնելու մարզչական «A» կարգի լիցենզիան:

Ֆուտբոլային մեկնաբան Խաչիկ Չախոյանը, որն այն ժամանակ «Ուլիսում» աշխատել է Գագիկ Սիմոնյանի հետ, ասաց, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբներից մեկն արդեն Սիմոնյանին իր մոտ տեսնելու ցանկություն է հայտնել: «Ես ուրախ եմ, որ արդարությունը հաղթեց: Երբեք չեմ կասկածել Գագիկ Սիմոնյանի անմեղությանն ու մաքրությանը: Սակայն պիտի ասեմ նաեւ, որ ծուխն առանց կրակի չի լինում: «Ուլիսի» հետ կապված նման դեպք եղել է: Սակայն հարցն այն է, թե ով է, ինչպես եւ ինչքան է արվել: Ուղղակի, գուցե, թիմի ղեկավարությունից ինչ-որ մեկին պետք էր պատժել առանց գործը մանրակրկիտ ուսումնասիրելու, եւ այդ մեկը դարձավ Գագիկ Սիմոնյանը: Ես ուրախ եմ, որ հիմա լուսատախտակի վրա գրանցվել է 10:0՝ հօգուտ Գագիկ Սիմոնյանի»:

Ինքը՝ մարզիչը, շնորհակալություն հայտնեց ՀՖՖ ղեկավարությանը՝ Արթուր Վանեցյանին, Արմեն Մելիքբեկյանին, Արմեն Նիկողոսյանին, որ լսեցին իրեն եւ վստահեցին: Ասաց նաեւ, որ իր անունն ու հեղինակությունը մինչեւ վերջ մաքրելու համար անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի այդ կեղտոտ գործարքի կազմակերպիչներն ու իրական մասնակիցները բացահայտվեն ու պատժվեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031