ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանին քննադատում են, որ խոսում է Գյումրին շենացնելու մասին, բայց Գյումրիում տարածքներ է իրենով արել, Գյումրիում այգի է սեփականաշնորհել: Խոսքը Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող կենտրոնական զբոսայգու`«Գորկա» այգու մասին է, որտեղ ժամանակին նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը» եւ այլ հայտնի ֆիլմեր:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ ԱԺ նիստերից մեկում հայտարարեց. «Տարբեր իշխանական ռեժիմների ներքո հանրային գերակա շահ ներկայացնող տարածքները յուրացվել են: Խոսենք փաստերով: Գյումրու քաղաքային զբոսայգին վարձակալությամբ տրվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Գյումրիում մեկ այլ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթող՝ «Սեւ բերդ» ամրոցն այժմ գտնվում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո»: Նա առաջարկեց, որ ԱԺ-ում ստեղծվի հանձնաժողով, որը հետեւողական կլինի, որ հասարակական այն վայրերը, որոնք տարբեր իշխանական ռեժիմների ներքո օտարվել են, վերադարձվեն հանրությանը:
Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը պատմեց, թե ինչ «ազգանվեր գործ» է արել՝ այդ այգին իրենով անելով. «Երկրաշարժը երբ տեղի ունեցավ, ամբողջ քաղաքի ծառերը կտրատեցին: Ես իմ եղբայրների հետ եւ իմ թաղի ժողովրդով Գորկա այգին պահել ենք: Միակ այգին է, որ չի կտրատվել, ընդհուպ գիշերները չենք քնել, պալատկեքի մեջ ենք մնացել, որ էդ այգին պաշտպանենք, որ էդ այգին պաշտպանեինք ու պաշտպանեցինք: Ամբողջ քաղաքը կտրատվեց, բացի Գորկա այգուց, մոտավորապես 2 կմ պարիսպներ եմ վերակառուցել: Էն ժամանակ հլը քաղաքապետ չէի՝ Հովհաննես Շիրազի, Եղիշե Չարենցի արձանն եմ դրել, Նիկողայոս Տիգրանյանի, մայթերով վերակառուցել եմ, չգիտեմ ինչերով ու պահել, պահպանել եմ մինչեւ էսօր: Մինչեւ էսօր մենք ենք մաքրում, մենք ենք սպասարկում: Ցավոք սրտի, էդ այգին հիմա մերը չի, էդպես ասեմ՝ իմ եղբայրներինն է, իմ եղբայրներինը չի՝ «Թումո» ինչ-որ կենտրոնը իրենք են եկել անօրինական ձեւով ամբողջ այգին…էս քաղաքապետ է, ինչ է, տվել է իրենց: Հավանական է, որ «Թումոյի» տերերն են ասել, որ սրանք էսպես խոսեն: Էնտեղ կառուցապատում են անում, մի քանի ատրակցիոններ են, ասել է, կառուցապատում է, թող լինի, սրճարան, Տիր, բան, ամեն ինչը հատկացրել է «Թումո» կենտրոնին: Ես «Թումո» կենտրոնի ամենաառաջին բարերարներից եմ համարվում, 30 հազար դոլար Թումոյին գումար եմ տվել: Հլը ասա էդ աղջիկը մի հատ ծառ, մի հատ թուփ ջրած կա՞ մինչեւ էսօր… Ամոթ էլ է, հլը էսի դեղնուցից էլ դուրս չի եկել, սա ի՞նչ իրավունք ունի: Այ էս է վատը, որ չափ ու սահման չունեն: Մի քիչ սուբորդինացիա կա, քաշային կատեգորիա կա, արյուն թափած, քաղաք կառուցած մարդուն ելել ես դու ով…ինչ… ամոթ է: Ուղղակի ճշմարտությունը մեկ-մեկ պետք է ասվի, որ չես ասում՝ սիրուն չի լինում»:
Նազելի Բաղդասարյանը չցանկացավ արձագանքել Ղուկասյանին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ