Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. Անցումային արդարադատությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծելու է. «168 ժամ»

Մայիս 30,2019 13:41

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանն անդրադարձավ անցումային արդարադատության ներդրման խնդիրներին, այդ թեմայով կազմակերպված ԱԺ լսումներին և դատաիրավական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների իր տեսլականին։

Տիկի՛ն Վարդանյան, անցումային արդարադատության մասին ԱԺ քննարկումներին հետևե՞լ եք։ Փորձագետ Ռուբեն Կարանզայի դիտարկումներն ինչպե՞ս կգնահատեք։

–   Իմ կարծիքով դրանք միայն խորացրին կասկածները և մտահոգությունները և ոչ մի հարցի պատասխան չտվեցին։ Չկար  որևէ հստակ հայեցակարգ, հստակ ծրագիր, որի վերաբերյալ առարկայական քննարկում կընթանար։ Տպավորություն էր, որ լսումները կազմակերպվել էին, որպեսզի համոզեին, թե որքան լավ բան է անցումային արդարադատությունը։ Հրավիրված փորձագետը չհիմնավորեց, թե որքանո՞վ է իրավիճակը Հայաստանում նման այն երկրների իրավիճակին, որոնցում ինքն ուսումնասիրություն է կատարել, կամ արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի մասին ինքը զեկույց ներկայացնելու է, և կամ Հայաստանում անցումային  արդարադատություն  իրականացնելու վերաբերյալ ռեկոմենդացիաներից  առաջ ուսումնասիրություններ իրականացվել են կամ իրականացվելու են։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե, ի վերջո, ինչ մոդել է քննարկվում։ Սա շատ արհեստական միջոցառման տպավորություն էր թողնում։

–   Ըստ Ձեզ՝ անցումային արդարադատության անհրաժեշտությունը կա՞ Հայաստանում։

–  Ես կարծում եմ, որ մենք դատաիրավական համակարգի բարեփոխման կարիք ունենք։ Մենք արդեն իսկ պետք է ունենայինք համակարգի ռեֆորմների հայեցակարգ, ռազմավարություն։  Եվ դատաիրավական համակարգ ասելով՝ պետք է հասկանանք ոչ միայն դատարանները, այլև նախաքննական մարմինները, Դատախազությունը։ Այն, որ այսօր այս մարմինները շարունակում են մնալ իշխանությունների կամակատար, ամենևին չի նշանակում, որ բարեփոխման կարիք չունեն, և, որ մնացած գործերով վայելում են հասարակության վստահությունը։

Անցումային արդարադատությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծելու է։ Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն և հաշտություն հաստատել, ինչպես նաև վերականգնել սոցիալական վստահությունը։ Իսկ դա նշանակում է, որ այն պետք է բավարարի հասարակության տարբեր շերտերի սպասումները։ Սպասումների չիրականացման դեպքում հասարակության մոտ նոր լարվածության, նոր թշնամանքի ալիք է սկսվելու։

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031