Պաշտոնական տվյալներով՝ երկրի շինարարական շուկայի ֆինանսական «չափը» մոտ 420 մլրդ դրամ է։ Այն փաստորեն համադրելի է խաղադրույքավիճակախաղային փողերի հետ։ Ահա թե որն է պատճառը, որ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն այդքան մեծ է։ Պարզ թվաբանությամբ կարելի է հաշվարկել, որ 2018թ. տվյալներով ամեն օր Հայաստանը խաղադրույք-վիճակախաղերի ոլորտում «ներդնում է» մոտ 1 մլրդ 95 մլն դրամից ավելի։ Այսինքն՝ անցած տարի ամեն օր միջինը 2 մլն 280 հազար դոլարից ավելի գումար ուղղորդվել է մի ոլորտ, որին վիճակագրությունն իր բարեկիրթ բառապաշարով կոչում է «շռայլությունների ոլորտ» ընդհանուր անունով։ Ապա մասնավորեցնում է՝ «հանգիստ ու զվարճություններ» անվան տակ։ Ժողովրդական պարզ բառապաշարում այս գործընթացն առայսօր էլ որակվում է օտար՝ «ղումարբազություն» բառով։ Համաձայն եմ՝ տնտեսական առաջընթաց, աշխատանք ու բարեկեցություն խոստացած իշխանությունները համարյա բոլոր ոլորտներում հակառակն են անում։
Բայց չեմ կարծում, որ «ղումարբազության» ոլորտում աշխատատեղերի կրճատումը կարելի է տնտեսական աղետ ընկալել։ Աշխարհի հնարավոր բոլոր խաչմերուկներում, ուր մեր իշխանություններին խոսելու հնարավորություն են տալիս, նույն տեքստն ենք լսում։ Ներդրումների հրավերքի համարյա նույնաբառ տեքստը։ Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշները վերջնական հրապարակված չեն։ Առաջարկում եմ՝ հենց հրապարակվեն, համեմատել դրանք խաղադրույքավիճակախաղային շուկայի ծավալների հետ։ Տնտեսական զարգացումների նախարարը վարչապետին հրապարակային հաշվետվություն ներկայացնելիս վերջին վեց ամսվա ընթացքում, կարծեմ, 31 մլն դոլարի ներդրումային ծրագրերից էր խոսում։
Իսկ դա միջինը 13.5 օրվա ընթացքում խաղադրույք կատարելու գումար է։ Մեր իշխանություններն ամեն անգամ դիմադրության հանդիպելիս նահանջում են: Բացառված չէ, որ բուքմեյքերային դիմադրության պարագային նույն գործընթացը կլինի: Նահանջը հիմնավորելը բարդ չէ: Ի վերջո, իրենք՝ «բուքմեյքերականներն» են հուշում, որ իրենց փակվելու դեպքում, ոլորտն ամբողջությամբ կանցնի համացանց: Հանձնվելու կամ հետքայլ անելու համար հարմար բացատրություն է:
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում