«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի նամակն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
30 մայիս, 2019թ.
Մեծարգո վարչապետ,
Կարդացեք նաև
«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքն իր աջակցությունն է հայտնում ՀՀ կառավարության առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնություններին: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակված «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին: Վերոնշյալ նախագիծը նախատեսում է օրենսդրական մի շարք կարևոր բարեփոխումներ, ինչպիսիք են հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համապարփակ արգելքը, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները:
Խնդրում ենք ՀՀ կառավարությանը հավանության արժանացնել սույն օրինագիծը և այն ներկայացնել Ազգային ժողով շատ մոտ ապագայում: Լիահույս ենք, որ ՀՀ կառավարությունը հետամուտ կլինի նաև այլ արդյունավետ օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, ինչպիսիք են՝ ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային փոխարինիչների հարկերի բարձրացումը, ծխախոտի տուփերի ստանդարտացված փաթեթավորումը (plain packaging):
Համոզված ենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունները մեծապես կնպաստեն առաջին հերթին մեր երկրի բնակչության առողջության բարելավմանը, ինչպես նաև կապահովեն 2004թ.-ին վավերացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը:
«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը գործում է 2004թ.-ից և միավորում է շուրջ 30 հասարակական կազմակերպություններ: Դաշինքն իր նշանակալի ներդրումն է ունեցել Հայաստանում հակածխախոտային քաղաքականության մշակման և կիրառման գործընթացում, հանրային իրազեկման և առողջ ապրելակերպի գաղափարների խթանման հարցերում: «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը հայտնում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ կառավարությանն արդյունավետ հակածխախոտային քաղաքականություն ներդնելու հարցում:
Խորին հարգանքով`
«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինք