Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի հետ կապված հակասական լուրեր են շրջանառվում: Լուրեր եղան, որ Նազարբաեւը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին մեդալներ է տվել, բացի Նիկոլ Փաշինյանից: Հետո Նազարբաևից չստացած մեդալի մասին Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր. «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ-ի ստեղծման հնգամյակի առիթով մեդալ տալը»:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ԵԱՏՄ-ի հետ կապված առավել հետաքրքիր է, թե ինչու այս կամ այն ապրանքը չգնաց, իսկ մեդալը տվել են, չեն տվել՝ հետաքրքիր չի. «Ինքս իմ կյանքում բոլոր մեդալներից հրաժարվել եմ, բոլո՛ր: Չունեմ որեւէ պետական մեդալ, որովհետեւ մի ժամանակ գտնում էի, որ չպետք է իմ կուսակիցը, գործընկերը ինձ մեդալ տա, դա կհամարվի որպես ոչ օբյեկտիվ, իսկ ուրիշներից չէի ուզում մեդալ ստանալ, որովհետեւ չէի գտնում, որ նրանք… որ դա պատվաբեր է: Սա է եղել իմ մոտեցումը»:
Իգիթյանը ԵԱՏՄ-ում դրական փոփոխություններ է նկատել. «ԵԱՏՄ-ում սկսել են հարցեր քննարկել: Նախկինում այդ հարցերը համարում էին երկկողմանի, եթե մեր գործընկեր Բելառուսը, Ղազախստանը որոշ հարցեր ուներ, փորձում էր երկկողմանի ձեւով Ռուսաստանի հետ քննարկել: Հայաստանն էլ նույն ձեւով էր անում, եթե համարձակություն ուներ նախորդ իշխանությունը հարց քննարկել Պուտինի հետ, առանձին էր քննարկում, որեւէ հարց, որը նշված է կանոնադրության մեջ, այդ կազմակերպության նկարագրության մեջ կա, որ այդ լիազորություններն ուներ հարցը քննարկելու, Հայաստանը երբեք այդպիսի հարց չէր բարձրացնում, եւ ոչ միայն Հայաստանը: Հիմա, վերջին ժամանակներս տարբեր երկրներ բարձրացնում են հարցեր, օրինակ, ծառայությունների հավասարությունը ԵԱՏՄ-ի տարածքում, էներգակիրների գինը: Այսպիսի հարցեր պետք է քննարկվեն կոլեկտիվ ձեւով, ոչ թե գնաս Ռուսաստան եւ ասես, որ կոնկրետ քեզ, քո երկրին ինչ-որ լիազորություններ տան: Սա, ինձ թվում, է, նոր Հայաստանի ներդրումն է ԵԱՏՄ-ում: Եթե դա աշխատեց, կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ում հնարավոր է հարցեր բարձրացնել, որոնք բխում են բոլորի շահերից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ