Լրահոս
Օրվա լրահոսը

Նազենի Ղարիբյան. «Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, եթե հրաժարվեմ, ապա դա կարող է լինել ուրիշ պատճառ». «Հայկական ժամանակ»

Մայիս 30,2019 12:47

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում խռովությունները շարունակվում են։ Պատճառը կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշումն է, ըստ որի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ «Հայկական ժամանակ»–ը զրուցել է կատարվածի կիզակետում հայտնված Նազենի Ղարիբյանի հետ։

– Տիկին Ղարիբյան, արդեն մի քանի օր է՝ Օպերային թատրոնում խռովություններ են, այս անգամ էլ են հայտնում, որ պատճառը դուք եք։ Թատրոնի անձնակազմը չի ուզում տեսնել ձեզ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։

– Ես չէի ուզում լինել կառավարման խորհրդի նախագահ, բայց խորհրդի անդամները պնդեցին։ Ասացին դուք փորձ ունեք, դուք կկարողանաք նորմալ ղեկավարել։ Իմ լիազորությունները սկսվում եւ ավարտվում են խորհրդում։ Ես թատրոնը ոչ ղեկավարելու եմ, ոչ էլ որեւէ որոշում եմ կայացնելու, քանի որ խորհրդում ես մեկ ձայն ունեմ։

– Օպերային թատրոնի անձնակազմը խորհրդի իրենց ներկայացուցիչների աոաջ հարց է դրել՝ չեղարկել 22-ի որոշումը եւ ըստ այդմ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից զրկել ձեզ։ Եթե խոովությունները շարունակվեն, պատրա՞ստ եք հրաժարվել ձեզ վստահված պարտականություններից։

– Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, եթե հրաժարվեմ, ապա դա կարող է լինել ուրիշ պատճառ։ Իրենք ժողով են արել, երկու մարդ են ընտրել, ուղարկել են խորհուրդ, եթե հիմա հետ կկանչեն, դա իրենց խնդիրն է։

Եվ մի բան էլ, Օպերային թատրոնն ունի 650 աշխատող, շ արդյո՞ք այդ 650 հոգին էլ պատրաստ են նորից քվեարկել եւ հետ կանչել իրենց ներկայացուցիչներին, ինչքան հասկանում եմ՝ այնտեղ ակտիվացածներն ընդամենը 50 հոգի են։ Թող իրենք իրենց մեջ որոշեն, ես դրան չեմ խառնվի։ Երկու ամիս է՝ այդ խորհուրդը գործում էր առանց նախագահի։ Իրենք են ինձ ընտրել նախագահ, չնայած իմ ընդդիմանալուն նրանք այդ պատասխանատվությունը վստահել են ինձ։

Սակայն մի բան կասեմ, մեր նախարարությունները շուտով միանում են, կարող է եւ ամիսներ անց իմ զբաղվածությունն այնպիսին լինի, որ ես ինքս չհասցնեմ ու հրաժարվեմ։ Իրենք իրավունք չունեն խորհրդից պահանջել իմ հրաժարականը, այդ խորհուրդը ձեւավորվել է ի հակակշիռ իրենց տնօրինության եւ գեղարվեստական խորհրդի։ Եթե պետք է խորհրդում իրենց ուզած մարդիկ աշխատեն, դրա գոյության իմաստն էլ ո՞րն է: Այն անկախ խորհուրդ է, որը չի ենթարկվում Օպերային թատրոնին։

ԱՂՈՒՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031