Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի միակ նպատակն արդարադատությունից խուսափելն ու «կանխատեսելի, հանգիստ կյանք» վայելելն է. «Հայկական ժամանակ»

Մայիս 30,2019 12:10

Քոչարյանն իր ուրախությունն է հայտնել, որ միայնակ չի պայքարելու եւ շնորհակալություն է հայտնել աջակիցներին, պարզապես մոռացել է նշել, թե հանուն ինչի է լինելու այդ համատեղ պայքարը: Մինչդեռ սա ամենակարեւոր հարցն է: Վերջին հաշվով՝ նրա կողմնակիցները պիտի իմանան, թե հանուն ինչի է պայքարում «շեֆը»։ Գուցե նպատակն այնքան ազնիվ է, որ ազզովի՞ ենք միանում։ Բայց՝ չէ. նպատակների մասին խոսք չկա։ Մնում է միայն ենթադրություններ անել։

Գուցե պայքարում է հանուն Արցախի՞։ Բայց դրա համար նա կարող էր քաղաքական գործունեություն ծավալել Արցախում (եթե «երեսատեղ ունենար») կամ գոնե իր նյութական կարողությունների մի փոքր մասով ներդրումներ աներ այնտեղ, մինչդեռ պաշտոնանկությունից հետո նա այնտեղ միայն որսի էր գնում։

Գուցե պայքարում է հանուն Հայաստանի եւ Արցախի միասնությա՞ն։ Բայց որեւէ մեկն այնքան վնաս չի հասցրել այդ միասնությանը, որքան ինքը։

Կամ գուցե ցանկանում է վերադարձնել իշխանությունը, որպեսզի կարգուկանոն հաստատի երկրում, արմատախիլ անի կոռուպցիան, ամրապնդի ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, տնտեսական ազնիվ մրցակցություն երաշխավորի, անկախ դատական համակարգ ձեւավորի… Բայց նրա նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանում ճիշտ հակառակն է տեղի ունեցել, Քոչարյանն էլ այն մարդը չէ, որ անազատության մեջ կամ որսի ժամանակ՝ դադարների պահին, «անգլերեն լեզվով մի գիրք կարդա» ու վերանայի կյանքի նկատմամբ իր մոտեցումները։

Իսկ գուցե Քոչարյանը պայքարում է հանուն ընտանեկան բիզնեսների բարգավաճմա՞ն (որպեսզի, ասենք, Հայաստանի ոչ թե 200, այլ 100 ամենահարուստ ընտանիքների ցանկում հայտնվի)։ Սրանում ոչ մի քննադատելի բան չկա, նորմալ ցանկություն է: Պարզապես անհասկանալի է մնում, թե աջակից ակտիվիստնե՞րն ինչ կապ ունեն դրա հետ։

Հնարավոր է Քոչարյանի նպատակը կուսակցություն հիմնելն ու հաջորդ ընտրություններին մասնակցելն է, բայց կուսակցություն հիմնելը ոչ թե նպատակ է, այլ նպատակին հասնելու միջոց, իսկ մենք նպատակի մասին ենք խոսում։ Ո՞րն է նպատակը։

Ստացվում է, որ միակ նպատակն արդարադատությունից խուսափելն ու «կանխատեսելի, հանգիստ կյանք» վայելելն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031