Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այս պահին ճամպրուկային տրամադրություն է։ Ոմանց դեպքում՝ ուղիղ իմաստով. «Հրապարակ»

Մայիս 30,2019 12:06

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում աժիոտաժ է տիրում: Հանձնաժողովի նոր նախագահ Գեղամ Գեւորգյանը, որն ապրիլի 22-ից է զբաղեցնում այս պաշտոնը՝ փոխարինելով 2010 թվականից պաշտոնավարած Արտակ Շաբոյանին, մարդկանց աշխատանքից չի ազատել, սակայն հայտարարվել է, որ համակարգում կառուցվածքային փոփոխություն է լինելու։ Աշխատողները փայլուն գիտակցում են, որ կառուցվածքային փոփոխությունն՝ իրենցից օրինական ճանապարհով ազատվելու տարբերակ է։ Քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցների մեծ մասը |քաղծառայողներ են եւ հիմնարկի ղեկավարի կամայականություններից պաշտպանված են «Քաղծառայության մասին» ՀՀ օրենքով, «բստրել» են այս փոփոխությունը։

Փոփոխություններն աննշան են, կարելի է ասել՝ ձեւական։ Օրինակ, վերլուծության վարչության անունը դնում են վերլուծության եւ մեթոդաբանության վարչություն։ Ըստ «Քաղծառայության մասին» օրենքի, սա արդեն այլ ստորաբաժանում է, հետեւապես, դրա ղեկավարին օրենքի շրջանակներում կարելի է ազատել աշխատանքից։

Գեղամ Գեւորգյանը, գալով ՏՄՊՊՀ, նախ փորձել է ծանոթանալ կոլեկտիվին, տնտղել է կադրերը։ Ասում են՝ ոմանց համար միջնորդել են, որ մնան, մյուսները դեռ ծանոթ-բարեկամ-բարեխոս են փնտրում՝ Գեւորգյանի մոտ ուղարկելու, բայց այս պահին հիմնարկում անորոշություն է տիրում։ Աշխատակիցները չգիտեն, թե ով է գնալու, իսկ ում կթողնեն, որ աշխատի։

Հանձնաժողովի անդամներին էլ այլ գործընթաց է սպասվում։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է ՏՄՊՊՀ-ի նոր կազմ նշանակվի։ Հանձնաժողովի նոր անդամներին առաջարկում է վարչապետը, նշանակում է Ազգային ժողովը։ Ինչպես հայտնի է, անցած ամիս կառավարությունը խորհրդարանով անցկացրեց մի նախագիծ, որով ՏՄՊՊՀ-ի գործելու ժամկետները երկարաձգվեցին մինչեւ հունիսի 30-ը։ Օրերս կառավարությունն ԱԺ է ուղարկել նախագիծ, որում առաջադրված անդամների մի քանի անուններ են։

Հանձնաժողովում այս պահին ճամպրուկային տրամադրություն է։ Ոմանց դեպքում՝ ուղիղ իմաստով։ Շաբոյանի տեղակալ Պավել Ղալթախչյանը, օրինակ, այնքան վստահ է, որ չի վերանշանակվելու, որ այս խառը պահին արձակուրդ է վերցրել եւ մեկնել Ֆրանսիա՝ հանգստանալու։ Անահիտ Սարգսյանը, որը նույնպես շարունակում է պաշտոնավարել, չցանկացավ անդրադառնալ ակնկալվող կառուցվածքային փոփոխություններին։ «Ես այս պահին շարունակում եմ պաշտոնավարել ու կատարել իմ աշխատանքային պարտականությունները։ Թե ինչ կլինի հետո, եւ թե ինչ որոշումներ կկայացվեն, կամ ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում, որեւէ բան այս պահին չեմ կարող մեկնաբանել»,– ասաց նա։ ՏՄՊՊՀ մյոա անդամը, որը դեռ աշխատում է, Արտյոմ Հովհաննիսյանն է, որը նախկինում հարկայինում պետ է աշխատել, նրա տեղում առաջարկել են նշանակել Սեյրան Օհանյանի քենակալին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031