Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ու ԱԱԾ-ն պնդում են․ Ա․ Վանեցյանի խոսքից չի կարելի եզրակացնել, թե նախկինում «գործեր են կարվել»

Մայիս 30,2019 11:54

2019թ․ ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Դ․ Սանասարյանի նկատմամբ գործ կարելու մասին հարցին պատասխանել է, որ 2018թ․-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո «գործ կարելու, սարքելու» դեպքեր չեն եղել։

Սրանով անուղղակի ձևով Ա․ Վանեցյանն արձանագրել է, որ նման դեպքեր մինչ այդ եղել են։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ մայիսի 3-ին դիմել է ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թե կոնկրետ որ դեպքերով և երբ են «կարվել» այդ գործերը, ինչ նպատակ է հետապնդել դա, և եթե քրեական գործեր են հարուցվել, ապա ինչ ճակատագիր են ունեցել դրանք։

Նույն օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ «գործ կարած, սարքած» անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Երկու կառույցից էլ 2019թ․ մայիսի 15-ին թվագրված պատասխաններ ենք ստացել։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ․ Պողոսյանը նշել է, որ այդ հարցերը բարձրացվել են ԱԱԾ տնօրենի թյուրընկալման և սխալ մեկնաբանության արդյունքում և որ ԱԱԾ տնօրենի ասածը չի կարող հիմք տալ եզրակացնելու, որ 2018-ից առաջ նման դեպքեր եղել են։

Այնուամենայնիվ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարը հավաստիացրել է, որ գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկություններ ունենալուն պես կնախաձեռնեն համապատասխան գործընթացներ։

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից էլ պատասխանել են, որ հաղորդման մեջ հանցագործության հատկանիշներ չկան։

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ․ Սարգսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման մեջ նշված փաստարկները որակել է որպես վերացական և յուրովի մեկնաբանության արդյունք, և քրեական գործ հարուցելու առիթ չի գտել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031