Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որն այդ թվում սահմանում է՝ զորակոչային տարիքի եւ միջին մասնագիտական հաստատություններում սովորող երիտասարդները կարող են միայն մեկ անգամ տարկետում ստանալ՝ մինչեւ ուսումնառության ավարտը:
Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց. «Խիստ հսկողություն է սահմանվելու իրավապահների կողմից: Արդեն մշակվել են ներգերատեսչական փաստաթղթերը, որոնց հիման վրա գործընթացը պետք է վերահսկեն ՊՆ-ն եւ Կրթության եւ գիտության նախարարությունը: Ուսումնառության ժամկետը չի սահմանափակվում, եւ սա միտված է կառավարության ծրագրի այն դրույթին, համաձայն որի՝ զինծառայողների կրթական մակարդակը պետք է բարձրանա»:
Բալայանի բնորոշմամբ. «Նշյալը ենթադրում է, որ երիտասարդն արդեն իսկ մասնագիտություն ստացած է մեկնում ծառայության: Մենք ռիսկերը տեսել ենք, գիտենք, եւ վստահեցնում եմ, որ հսկողությունը բավականին խիստ է լինելու՝ ոչ այնպես, ինչպես նախկինում: Դա իրականացնելու են ՊՆ-ի՝ իրավական գործառույթ ունեցող ստորաբաժանումները»:
Իսկ թե միջին մասնագիտական հաստատություններում այս փոփոխությանը ենթակա քանի շահառու կա հիմա, փոխնախարարը նպատակահարմար չգտավ թիվը հրապարակայնացնել:
Կարդացեք նաև
Հավելենք, որ այս օրինագիծը «Պատիվ ունեմ» ծրագրի տեւողությունը 3 տարուց դարձվում է 2 տարի, բայց ծրագրի պայմաններն ավելի են խստացվում: Ըստ օրինագծի՝ միաժամանակ զորակոչվող եղբայրները եթե ուզում են ծառայել նույն զորամասում, վիճակահանությանը մասնակցությունը կարող է տեղի ունենալ միայն մեկ զինակոչիկի կողմից:
Հիշեցնենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի պատգամավորների կողմից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ