Լրահոս
Օրվա լրահոսը

«Փող եք ուզո՞ւմ. դրա դիմաց ի՞նչ արտոնություն եք տալիս». Մարուքյանը՝ փոխնախարարին

Մայիս 30,2019 10:53

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն այդ թվում սահմանում է՝ կասեցված արտոնագրով փաստաբանը տարեկան պետք է ՀՀ փաստաբանների պալատին փոխանցի արտոնագրի համար սահմանված վճարի կեսը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախագծի զեկուցող, ՀՀ Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանից հետաքրքրվեց. «Հիմա իմ արտոնագիրը կասեցված է (Մարուքյանը փաստաբան է եղել.-խմբ.): Ես այդ արտոնագրով փող չեմ աշխատում, ի տարբերություն արտոնագիր ունեցող փաստաբանի: Եթե ուզում եք վճարեմ, փոխարենը իրավունքներ տվեք: Փող եք ուզո՞ւմ: Դրա դիմաց արտոնություններ կամ իրավունքներ տվեք, ի՞նչ եք տալիս: Պարզ է, որ հիմա մոտ 500 մարդ կասեցված արտոնագիր ունի, իսկ դուք կասեցված արտոնագրերով ուզում եք բյուջե ապահովել»:

Արտակ Ասատրյանը պատասխանեց, որ կասեցված արտոնագրի համար վճարը ենթադրում է անվճար հիմունքներով փաստաբանի վերապատրաստման դասընթացների մասնակցության հնարավորություն:

Փոխնախարարը նշեց. «Կասեցված արտոնագիր ունեցող շատ փաստաբանների հետ հարցը քննարկվել է, եւ նրանք խնդիր չեն տեսնում: Արտոնագիրը հետագայում վերականգնելու համար նրանք ստիպված չեն լինի կրկին փաստաբանական դպրոց ավարտել: Այդ վճարը հնարավորություն է տալու ցանկացած պահի վերականգնել արտոնագիրը եւ անմիջապես շարունակել աշխատել որպես փաստաբան»:

Էդմոն Մարուքյանին փոխնախարարի պատասխանը չգոհացրեց. «Մի հիմար դրույթ կա: Եթե արտոնագիրը հինգ տարի կասեցված է լինում, պետք է նորից փաստաբանական դպրոց ավարտես՝ արտոնագիրը վերականգնելու համար: Եթե անձը օմբուդսման է, կամ պատգամավոր, եւ ամբողջ օրն աշխատում է, նորից պետք է փաստաբանական դպրոց սովորի՞…Ես պնդում էի, որ իրավունքի ոլորտում աշխատողների վրա այս դրույթը չտարածվի: Հիմա էլի եկել ասում եք՝ մեզ փող տվեք: Իրավունք չեք տալիս դրա դիմաց: Եթե վճարեմ, սկսելու եմ պալատի հաշվետվությունները կարդալ: Յոթ տարի չեմ կարդացել, դա եք ուզո՞ւմ»:

Արտակ Ասատրյանը վստահեցրեց, որ «նոր փողեր» ապահովելու խնդիր չեն տեսնում, այլ նախատեսում են Փաստաբանների պալատի հիմնադրամ ստեղծել, որը ծառայելու է քաղաքացիներին, այդ թվում՝ ապաստան հայցող օտարերկրացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031