«Շատ են հարցնում, թե կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը երբ է մտնելու ԱԺ լիագումար նիստ՝ քննարկման: Քանի որ ԱԺ-ի այս քառօրյան շատ հագեցած է, իսկ հարկային բարեփոխումները երկար պետք է քննարկվեն, փաթեթը չի ներառվի այս քառօրյայի օրակարգում»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա վստահեցրեց, որ փաթեթն արդեն հունիսին կմտնի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ. «Տնտեսվարողներին կոչ եմ անում հանգիստ լինել, որովհետեւ փաթեթը, միանշանակ, մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Խոսքը հարկային բարեփոխումների մեծ փաթեթի մասին է»:
Հիշեցնենք, որ հարկային բարեփոխումներին առնչվող օրինագծերի փաթեթին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ