Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալին վերադարձ չկա

Մայիս 30,2019 10:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանում եւ նույն գործիչն ազատության մեջ, քաղաքական տեսանկյունից, բացարձակապես տարբեր երեւույթներ են: Երբ նա մեկուսարանում է, շատերի համար գործում է «ընկածին չխփելու» եւ «նեղության մեջ գտնվողին չվատաբանելու» սկզբունքը: Թե որքանով է այդ սկզբունքը ճիշտ եւ որքանով է կիրառելի Քոչարյանի նման մարդկանց հանդեպ, դժվարանում եմ ասել: Երբ մարդն իր զվարճանքի, իր հաճույքի համար առյուծ է սպանում, հետո հպարտությամբ նստում է լեշի վրա ու նկարվում, նրա պարագայում էթիկական նորմերին, թերեւս, պետք է մոտենալ որոշ վերապահումներով: Բայց բոլոր դեպքերում այդ նորմերը կան, եւ վերոհիշյալ սկզբունքները դավանողները, հարգողները հարգանքի են արժանի:

Միանգամայն այլ է վիճակը, երբ երկրորդ նախագահն ազատության մեջ է, սկսում է խոսել, հոխորտալ, իրեն ներկայացնում է որպես հերոս եւ աննկուն մարտիկ: Այդ պարագայում մարդիկ ազատվում են նրան խնայելու պարտավորությունից ու այլեւս չեն զսպում իրենց զգացմունքները: Իսկ երբ Քոչարյանը խոսում է իր քաղաքական հավակնությունների մասին, ապա, շատ բնական է, մարդիկ ենթադրում են, որ նա ուզում է վերադառնալ իշխանության եւ հիշում են, թե ինչ է տեղի ունեցել նրա պաշտոնավարման օրոք: Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար այդ հիշողություններն ամենեւին պայծառ չեն, ի հեճուկս երկրորդ նախագահի քարոզչության, որը Քոչարյանի տարիները ներկայացնում է որպես մի չտեսնված դրախտ: Ահա եւ ստացվում է, որ այդ գործչի հավակնությունները համախմբում են տարբեր հայացքների մարդկանց, այդ թվում նրանց, ովքեր տեսնում են ներկայիս իշխանությունների բազմաթիվ թերությունները: Քոչարյանն այսպիսով «համախմբում» է, բայց՝ ոչ թե իր շուրջ, այլ հակառակը՝ իր դեմ:

Բայց դա, մյուս կողմից, նշանակում է, որ Քոչարյանը շարունակվում է ընկալվել որպես գործող իշխանության այլընտրանք (վատ, սխալ, անցանկալի, բայց, այնուամենայնիվ, այլընտրանք), ինչը, կարծում եմ, ինքնին դրական երեւույթ չէ: Ինձ թվում է, մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության ձեռբերումներից է նաեւ այն, որ քաղաքական կյանքը դադարել է պտտվել առաջին երեք նախագահների շուրջը: Եթե էլի սկսվեն անվերջ կոմբինացիաները՝ «մեկը երկուսի դեմ», «երկուսը մեկի դեմ» կամ «երեքն՝ ընդդեմ երեքի», մենք նորից կհայտնվենք նույն շրջապտույտի մեջ:

Անցյալին վերադարձ չկա, երբեք չի լինի՝ դա հնարավոր չէ: Պետք է մտածել ներկա իշխանության եւ ներկա ընդդիմության ծրագրերի եւ գաղափարական պայքարի մասին: Մնացածը թողնենք պատմաբաններին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garo says:

    Ժողովրդի կողմից Քոչարյանի ատելու լինելու հետ կապված:
    Երբ Քոչարյանին բաց թողնելու որոշումը դատավորը կարդաց ես ասեցի ՋԱՆ Ռոբին թողեցին:
    13տարեկան աղջիկս ասումա, ոնց պապա դու ուրախացել ես, որ դրան թողել են՞
    Ասում եմ իհարկե: Աղջիկս թե ինքը վատ մարդա ինչի ես ուրախանում: Ասում եմ ինչ գիտես, ասումա դե բոլորը տենց են ասում;

    Ուզում եմ ասեմ, որ էտ ատելությունը իրականում ուղղորդված միակողմանի պրոպագանդայի արդյունքա: Էտ ատողներից շատերին որ հարցնես էլի 13տարեկան երեխու պես կասեն դե բոլորը տենց են ասում, որ ինքը թալանելա երկիրը, բլա-բլա:

    Էտ ատելությունը գալիսա հատկապես նրա արցախցի լինելուց, շատերը հատկապես երեվանցիները իրան ատում են հենց դրա համար, ինչքանել որ փորձում են էտ տարբեր ուրիշ սոուսների ներքո ներկայացնեն:

    Իսկ Քոչարյանը անձամբ հետ չի գա, կգա իրա կողմից աջակցություն ունեցող ուրիշ երիտասարդ ուժերի միջոցով, ոնց որ տեր-Պետրոսյանը հետ եկավ Նիկոլի միջոցով:

  2. Լավատես says:

    Տնտեսական ու դրամական իշխանությունը դեռեւս ժողովրդին չի պատկանում, դրա համար անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որի արդյունքում կունենանք տնտեսական իշխանափոխություն: Պետք է սկսել առաջին անհրաժեշտության ապրանքների ներքին արտադրությամբ ներքին հումքի հիման վրա, սրա իմաստն այն է, որ երբ պատերազմական պայմաններում չորս կողմից շրջափակված լինենք այնպես, որ ոչ կարող ենք ապրանք ներմուծել, ոչ էլ կարող ենք ապրանք կամ հումք արտահանենք, որ փող աշխատենք, մենք այդ ժամանակ կարողանանք զինվորին ռազմի դաշտում, գիտականին համակարգիչի առաջ ու գյուղացուն առողջ կենսամակարդակ ապահովենք: Երկրորդը՝ ներքին շրջանառության փող կամ ներքին արժեթղթեր արտադրել, որոնք դրսում շրջանառություն չունեն, երրորդը՝ հայտարարել տնտեսական զորահավաք եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է զբաղվել որեւէ տնտեսական գործունեությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության համար, դրա համար նրան սովորեցնում են, դաստիարակում ու ուղարկում տնտեսական ռազմի դաշտ կռվելու:Չկա չարիք առանց բարիքի:

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Արժեր, երևի, մի երկու բառով էլ անդրադառնալ առաջին նախագահի “խորաթափանցությանը”, որ առյուծ սպանող ու լեշի վրա հպարտությամբ նկարվող մարդուն համոզելով բերեց, փաթաթեց երկրի վզին: Իսկ ինչու՞ արժեր, որովհետև հիմա վտանգը ոչ թե Քոչարյանի ժամանակներին վերադառնալն է, այլ նույնիսկ մի քիչ էլ հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031