Սկիզբը՝ այստեղ
Դատական համակարգի բարեփոխումներ՝ իրավական միջոցներով եւ Սահմանադրության համաձայն
Ի պատասխան եվրոպական կառույցների ակտիվ մեկնաբանությունների՝ Հայաստանի իշխանություններն էլ, կարծես, ստիպված եղան լրացուցիչ պարզաբանումներով հանդես գալ՝ դատական համակարգի շուրջ վերջին իրադարձությունների ֆոնին:
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Հայաստանում օտարերկրյա պետությունների եւ կառույցների հավատարմագրված դեսպանների հետ, խոսել էր Հայաստանի մարտահրավերների մասին: Ամենամեծ մարտահրավերը, որն ըստ նրա առկա է տնտեսությունում՝ նա օտարերկրյա ներդրումներն էր համարել: «Մենք ամեն ինչ անում ենք՝ մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար: Բայց կա նաեւ համոզմունք եւ գիտակցում, որ առանց իրապես անկախ դատական համակարգի՝ մենք այս խնդիրը լիարժեք չենք լուծի, որովհետեւ ցանկացած ներդրող ուզում է իր ներդրումների, ձեռք բերած սեփականության անվտանգություն, իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել միայն իրապես անկախ դատական համակարգը, որը հիմնվում է օրենքների վրա, եւ սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են», -նշել էր Փաշինյանը: Ըստ նրա՝ հաջողվել է «քաղաքական առումով երկրում ապահովել կայունություն եւ բնականոն ժողովրդավարական զարգացումներ»: Նա «ամենամեծ քաղաքական ձեռքբերում» է համարում՝ ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը:
Կարդացեք նաև
Փաշինյանի խոսքով՝ արտաքին քաղաքական ասպարեզում նույնպես հաջողվել է կայունություն ապահովել. «Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաեւ որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, եւ ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն: Մեզ հաջողվեց բնականոն զարգացնել մեր հարաբերությունները նաեւ Եվրամիության հետ: Մենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ճանապարհային քարտեզն արդեն վերջնականացնելու փուլում ենք, եւ, ըստ էության, առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականանա, եւ մենք այդ ուղղությամբ կաշխատենք»: Նա նաեւ նշել էր՝ անմիջական հարեւան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ լավ մթնոլորտում հարաբերությունները, ինչպես նաեւ բնականոն հարաբերությունների զարգացումը՝ Միացյալ Նահանգների հետ, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, Հնդկաստանի հետ, եվրոպական երկրների հետ:
Այնուհետեւ Փաշինյանն անդրադարձել էր դատաիրավական ոլորտում ստեղծված իրավիճակին՝ խոսելով այս բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության եւ այդ գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարեւորության մասին: Նա, ըստ էության, մարտահրավերները կապել էր դատական համակարգի առողջացման անհրաժեշտության հետ:
«Քաղաքական խնդիրը, որ կանգնած է կառավարության առաջ, եւ վերջին մեկ տարվա ընթացքում անձամբ ես ստիպված եմ եղել անընդհատ բախվել մի քաղաքական իրողության հետ, որ մեր հանրային կարծիքը, մեր հանրությունը դատական բոլոր հնարավոր որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա: Չնայած նրան, որ ես հստակ հայտարարել եմ, որ դատական գործընթացներին չեմ մասնակցում եւ մասնակցելու որեւէ ցանկություն չունեմ, բայց վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, եւ բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են՝ որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է: Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել այդ բոլոր հնարավոր դատական որոշումներից, որովհետեւ այդտեղ վստահության որոշակի ճգնաժամի խնդիր կարող է առաջանալ»:
Նա հստակ շեշտեց, որ միջազգային գործընկերներից սերտորեն համագործակցություն է ակնկալում՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու նպատակով. «Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետեւ Հայաստանի Սահմանադրության 2-րդ եւ ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են, եւ մեր Սահմանադրությունը հստակ գծագրում է, որ այդ պետական մարմինները պետք է ուղիղ կապ ունենան ժողովրդից, այսինքն՝ պետք է ժողովրդի անունից գործելու մանդատ եւ լիազորություն ունենան: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք այդպիսի իրավիճակ չունենք: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, եւ սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ»:
Փաշինյանն, այսպիսով, հստակ ընդգծեց, որ իր համար Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները «բացարձակապես անիմաստ» կլինեն, եթե չլինի «իրապես դատական համակարգ, որի որոշումներն ընդհանրապես չմեկնաբանվեն», եւ ահա՝ «եկել է ժամանակը, որպեսզի նաեւ դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը», այլ ոչ թե՝ «դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը»:
Հայաստանի միջազգային գործընկերները շարունակում են արձագանքել Փաշինյանի ուղերձներին: Նա նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթթինգի» իրականացմանը: «Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը եւ համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն: Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունն, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարեւոր հատկանիշներից է, եւ ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարարում Հայաստանում: Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ ընդունել եւ աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում: Սակայն ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաեւ հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, եւ հաշվի առնելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին եւ կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն, եթե այդ չափանիշները հարգված են»,- մասնավորապես նշվել էր նամակում:
Հավելենք նաեւ, որ անցյալ շաբաթ Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Վասիլիս Մարագոսը ներկայացրել էր այցի ընդլայնված օրակարգը եւ նպատակը՝ նշելով, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, ընդհանուր առմամբ՝ կազմելով 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով: «Ավելացված ռեսուրսները աջակցելու են Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը եւ քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերին»,-նշվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:
Հայաստանի եվրոպական գործընկերներն, այսպիսով, ընդունելի համարելով Փաշինյանի ծրագրերը դատաիրավական ոլորտում, այնուամենայնիվ, հստակ ընդգծում են, որ դրանք պետք է իրագործվեն հարգելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.05.2019