Մոտ երկու ամիս առաջ Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում նոր կոոպերատիվ է հիմնադրվել: Աշոտավանի «Սպիտակ Շեն» կոոպերատիվին անդամագրվել է 13 անդամ: Ասում են` կոոպերատիվով ավելի հեշտ է ժամանակակից եղանակով ֆերմերությամբ զբաղվել:
Աշոտավանում գյուղացիական տնտեսությունների մեծ մասը տնամերձ հողամասերում ազնվամորի է աճեցնում: Ազնվամորու բիզնեսն այս համայնքում այնքան է ընդլայնվել, որ «Ազնվամորու փառատոնն» ամեն տարի Աշոտավանում են կազմակերպում: Այդուհանդերձ` համայնքի բնակիչների խոսքով, որքան էլ բնակլիմայական պայմանները հարմար են այդ հատապտուղի համար, բայց գյուղատնտեսության այս ճյուղն էլ ապահովագրված չէ ռիսկերից եւ ազնվամորու բարձր սորտերից սկսած` մինչեւ ճիշտ եղանակով խնամք, ներդրումներ են պահանջում: Աշոտավանցիներն առանձին առանձին չեն կարողանում այդ խնդիրները լուծել, ուստի կոոպերատիվի շուրջն են հավաքվել, որպեսզի խնդիրները համատեղ ուժերով լուծեն: Անդամների խոսքով, արտադրանքից ստացված եկամուտներով սոցիալ-տնտեսական կարեւոր հարցեր են լուծում:
Արտադրությունը էկոլոգիապես մաքուր է, սպառման շուկան` հարակից քաղաքները, գյուղերն ու Արցախը: Կոոպերատիվի անդամները մեկ հեկտարից ավելի հողատարածք են ձեռքբերել, ցանկապատել եւ բարձր` «Պոլկա» սորտի ազնվամորի են աճեցնում, ասում են` տեսակը լեհական ծագում ունի:
Կարդացեք նաև
Արտադրանքից օգտվելու են կոոպերատիվի անդամների ընտանիքները, իսկ ընդլայնելու դեպքում նաեւ սոցիալական պատասխանատվություն են ստանձնելու` օգնության ձեռք մեկնելով համայնքի դպրոցին, մանկապարտեզին, անապահով ընտանիքներին:
Ազնվամորու այս «պլանտացիայում» ոռոգումը ժամանակակից է` կաթիլային եղանակով:
Արեւհատ Օհանյանը կոոպերատիվի նախագահն է: Նրա տվյալներով , Աշոտավան համայնքում տարեկան մոտ 40 տոննա ազնվամորի է արտադրվում: Համոզված են` մոտավորապես այդքան էլ կոոպերատիվը կարտադրի: Կոոպերատիվի անդամներին Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում հանդիպեցինք՝ Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի նախաձեռնած մեդիա արշավի ժամանակ: Այն կազմակերպվել էր «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ներկա էին նաեւ դաշինքի փորձագետները:
Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի ծրագրերի համակարգող Վադիմ Ուզունյանի խոսքով, կոոպերատիվների մասով հարկային օրենսդրությունում մի քանի խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, որպեսզի կոոպերատիվները կարողանան անխափան գործել: Բանն այն է, որ կոոպերատիվները, մասնավորապես` սպառողական կոոպերատիվները հաճախ են կանգնում վարկ ստանալու խնդրի առաջ: Բացի այդ, գյուղատնտեսը, որը անհատական գործունեության ժամանակ ազատված է եկամտահարկից, մտնելով գյուղատնտեսական կոոպերատիվների մեջ, հարկային բեռ է շալակում: Պարոն Ուզունյանի ներկայացմամբ, Դաշինքի կարեւոր առաջարկներից մեկն այն է, որ տարանջատվեն առեւտրային կառույցներն ու սպառողական կոոպերատիվները: Դաշինքը առաջարկություններ է արել նաեւ գյուղոլորտի վարկային քաղաքականության վերաբերյալ: Թե ինչու են բանկերը, վարկային կազմակերպությունները մերժում կոոպերատիվներին վարկ տրամադրել, Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի վարկային հարցերով փորձագետ Գոռ Մովսեսյանի կարծիքով, խնդիրը մի քանի հարթությունով պետք է դիտարկել: Նախ` բանկը սպառողական կոոպերատիվը չի դիտարկում որպես շահույթ հետապնդող, պոտենցիալ վարկ վերցնելու ունակ միավոր: Այսինքն` շահույթ չհետապնդող կազմակերպությունն իրենից ենթադրում է, որ նա կարող է տոկոս, շահույթ չունենալ, հետեւաբար, չի էլ կարող տոկոսն ու վարկը մարել:
Երկրորդ խնդիրն, ըստ պարոն Մովսեսյանի, այն է, որ ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի կողմից հաստատված դեբիտորական պարտքերի պահուստավորման կարգով, որը սակայն, ներկայումս վերանայման փուլում է եւ պահանջները փոքր-ինչ մեղմացնում են, կա փոխկապակցվածության խնդիր:
«Կոոպերատիվի բոլոր անդամները համարվում են փոխկապակցված անձինք կոոպերատիվի հետ: Եթե նրանցից ինչ-որ մեկն ունի վարկային վատ պատմություն, դա ենթադրում է, որ տվյալ վարկատու կազմակերպությունը այդ վարկը պետք է դասակարգի ռիսկի ամենախիստ դասիչով: Այսինքն, եթե կոոպերատիվի անդամներից ինչ-որ մեկն ունի վատ վարկային պատմություն, դա կարող է բանկին հետ պահել այդ կոոպերատիվին վարկ տրամադրելուց»,-բացատրեց Գոռ Մովսեսյանը` նշելով, որ այս հարցի վերաբերյալ դաշինքով կառավարությանը եւ, մասնավորապես, Ազգային ժողովին մի քանի լուծումներ են առաջարկել: Առաջարկներից մեկն արդեն տեղ է գտել կառավարության որոշումներում:
Գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Գագիկ Պողոսյանը կարծում է, որ վարկ վերցնելու խոչընդոտներից է նաեւ այն, որ կոոպերատիվները Հայաստանում ձեւավորման փուլում են եւ չեն հասցրել սեփական կապիտալ, միջոցներ ունենալ. «Եվ բանկային, վարկային կազմակերպությունները նաեւ ռիսկերի ապահովագրման հետ կապված առաջարկում են, որ կոոպերատիվը պետք է որոշակի գրավի առարկա ներկայացնի: Բայց իրականության մեջ այլ է, կոոպերատիվների գույքը կամ օգտագործման իրավունքով տրված գույք է, որը տրամադրել է համայնքը, կամ` նվիրաբերության իրավունքով, որը տարբեր միջազգային կառույցներ են տրամադրել եւ որը չի հանդիսանում տվյալ կառույցի սեփականությունը եւ այդ պատճառով չի կարող ներկայացվել որպես գրավի առարկա: Խոչընդոտներից մեկն էլ դա է»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
29.05.2019