Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հերոսի 86-ամյա մոր գույքի վրա արգելանք է դրվել

Մայիս 30,2019 13:00

ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հայրական տուն գնալուս շարժառիթն այլ էր. եղբյարը՝ Պետրոս Աբրահամյանն ահազանգել էր, թե տուն-թանգարանի հետ կապված խնդիրներ կան, մայրը դիմել է հանրապետության նախագահին, սակայն պատասխանը չի գոհացրել նրան: Նախագահի աշխատակազմից պատասխանել էին հերոսի մորը. «Հայտնում ենք նախագահի՝ սահմանադրական պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծանրաբեռնվածության պատճառով ընդունելություններ ներկայումս նախատեսված չեն»: Պետրոս Աբրահամյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է, թե մայրը, ըստ էության, բնակվում է «թանգարանում», թանգարանն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են միջոցներ, որը չկա, չորս հարյուրից ավելի նկարներ՝ 90-ականների, առանց շրջանակների են, շատ իրեր չեն կարողանում ցուցադրել: Թանգարանը կարգավիճակ էլ չունի, քանի որ ավարտված չեն ներքին աշխատանքները:

Պետրոսը նույնպես մարտական ճանապարհ է անցել.1989-90-ականներին Աղասի Արշակյանի ջոկատի կազմում, որը հետագայում վերակազմավորվեց որպես Ջիվանու ջոկատ, մասնակցել է Տավուշի, Նոյեմբերյանի, Երասխի, Գորիսի, Կապանի ինքնապաշտպանական մարտերին, ապա եղել է հատուկ գնդի հետախուզական վաշտի ավագ, Եղեգնաձորի հետախուզության պետ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում՝ ավագ սպա: Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Քելբաջարի, Կուբատլիի, Զանգելանի մարտերին: Երկու անգամ ծանր կոնտուզիա է տարել, բեկորային վիրավորում, ոտքին առկա բեկորն անգամ երեւում է, սակայն մինչ օրս որեւէ արտոնությունից չի օգտվել: Տաքսի է վարում: Այս ընտանիքը վերջերս է իմացել, որ երկու տարի առաջ մայիսի 4-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում ընտանիքի մայրը եղել է պատասխանող, եւ նրա դեմ վճիռ է կայացվել հանուն Հայաստանի:

Պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչը դիմել է դատարան, հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ քաղաքացի Բավական Աբրահամյանի միջեւ 20.03.2010թ. կնքվել է «անտառային հողերի վարձակալության պայմանագիր», համաձայն որի՝ Բ. Աբրահամյանի ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բրդաձորի անտառպետության «Գոգջալու» կոչվող տեղամասից 11.4 հա մակերեսով անտառային տարածք՝ գյուղատնտեսական, ծառատնկման եւ մեղվաբուծությամբ զբաղվելու նպատակով, 40 տարի ժամկետով:

Պայմանագրի 2.2-րդ կետի համաձայն՝ վարձավճարի տարեկան չափ է սահմանվել 250.000 ՀՀ դրամ: Վարձավճարը Բավական Աբրահամյանը պարտավորվել է մուծել որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում, հաջորդ վճարումները կատարել ամեն օրացուցային եռամսյակ՝ հավասար չափերով, այդ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:

Սակայն պատասխանողը որեւէ քայլ չի կատարել վարձավճարը մուծելու ուղղությամբ. «Տվյալ դեպքում պատասխանողը խախտել է իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածով նախատեսված պահանջը»:

Տարեց կինն ասում է, որ անգրագետ է, ինքը մի անգամ ինչ-որ թղթեր է ստորագրել, սակայն իմացել է, թե տղայի թանգարանի հետ է կապված, նա չի իմացել, որ պետք է գումար մուծեր, չի իմացել, թե «հող ունի»:

Դատարանին «Հայանտառը» ներկայացրել էր բռնագանձման ենթակա վարձավճարի ընդհանուր գումարը՝ 31.10.2016թ.-ի դրությամբ կազմել էր 1.528.898 ՀՀ դրամ, ուստի տուժանքի ընդհանուր գումարը կկազմի՝ 1.622.176 ՀՀ դրամ:

Հայցվորը դատարանից խնդրել է Բավական Աբրահամյանից բռնագանձել 1.528.898 ՀՀ դրամ՝ որպես վարձավճարի պարտք եւ 1.622.176 ՀՀ դրամ՝ որպես տուժանք պայմանագրային պարտավորությունների կետանցի յուրաքանչյուր օրվա համար՝ 0.1 տոկոսի չափով, ընդամենը՝ 3.151.074 ՀՀ դրամ, որից հօգուտ պետբյուջեի (հ/հ 900005220810)՝ վարձավճարի 445.582 ՀՀ դրամագումարը եւ տուժանքի 828.551 ՀՀ դրամ գումարը, հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (հ/հ 163038001166)՝ 1.083.316 ՀՀ դրամ վարձավճարի եւ 793.625 ՀՀ դրամ տուժանքի գումարը, լուծել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ Բավական Աբրահամյանի միջեւ 2010 թվականի մարտի 20-ին կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագիրը:

Ուշադրություն դարձնենք վճռի «Պատասխանողի դիրքորոշումը» հատվածին, այնտեղ գրված է. «Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել»:

Այսինքն՝ պատասխանողը չի իմացել ինչպես պայմանագրի մասին, այնպես էլ դատարանում առկա իր վերաբերյալ քաղգործի: Նույն այդ պայմանագիրը սահմանել էր, որ կողմը եթե վեց ամիս չի մուծում գումարները, լուծվում է պայմանագրի հարցը, իսկ թե ինչու է կողմը յոթ տարուց ավելի սպասել, պարզ չէ: Մանավանդ որ, տարեց կինը իրավական գիտելիքներից հեռու էր, եւ հնարավոր չէ՞ր պարզեցնել, հստակեցնել հարցը:

Հայցը բավարարվել է մասնակի: Դատարանը վճռել է Բավական Աբրահամյանից բռնագանձել 1.528.898 ՀՀ դրամ՝ որպես վարձավճարի պարտքի գումար եւ 1.300.000 ՀՀ դրամ՝ տուժանքի գումար, որից հօգուտ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության 163038001166 հ/հ-ին՝ 1.083.316 ՀՀ դրամ վարձավճարի եւ 500.000 ՀՀ դրամ տուժանքի գումարը, իսկ ՀՀ պետական բյուջեի 900005220810 հ/հ-ին՝ 445.582 ՀՀ դրամ վարձավճարի եւ 800.000 ՀՀ դրամ տուժանքի գումարը:

Բավական Աբրահամյանն ասում է, որ ամեն օր երազում տեսնում է որդուն՝ Ջիվանին: Մանավանդ, երբ հուզված է լինում, որդին կողքին է: Մոտենում է Հերոսի ծննդյան օրը՝ հուլիսի 6-ը (ծնվել է 1961թ., մահացել 1991թ. հուլիսի 20-ին): Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, մասնակցել է Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի եւ ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 

29.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031