Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորը հիմնադիրն է յակուտական դասական երաժշտարվեստի եւ կոմպոզիտորական դպրոցի

Մայիս 30,2019 12:30

Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ ստեղծագործած չլինի նույնիսկ մեկ հայ: Փաստենք, որ հայ կոմպոզիտորներից շատերը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դերակատարում են ունենում այլ երկրների ոչ միայն երաժշտական, այլեւ քաղաքական կյանքում: Օրինակ, Եթովպիայի օրհներգի երաժշտության հեղինակը Գեւորգ Նալբանդյանն է, Տաջիկստանի, Թուրքմենստանի դասական երաժշտարվեստի ակունքներում են Սերգեյ Բալասանյանը… Ի վերջո, ռուսական էստրադային արվեստը հնարավոր չէ պատկերացնել առանց Բաբաջանյանի, Թարիվերդիեւի, Թուխմանովի եւ մյուս հայազգի կոմպոզիտորների երգերի: Փաստենք նաեւ, որ Արամ Խաչատրյանը օրինակ ծառայեց ժողովրդական մեղեդին եվրոպական երաժշտության հետ համադրելուն: Նա ընդգծում է ժողովրդական երաժշտության դերը եւ իր ուսանողների մոտ սերմանում այն գաղափարը, որ կոմպոզիտորները պետք է կատարելագործեն իրենց ազգային երաժշտական ժառանգությունը…
Պարզվում է՝ կան հայ կոմպոզիտորներ, որոնց անունն այս դեպքում մեկ դար անց ենք լսում: Այդ շարքից է Սախայի (Յակուտիա) դասական երաժշտարվեստի եւ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Հրանտ Գրիգորյանը: Այս մասին «Առավտին» հայտնեց կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: «Ինձ հետ կապվեց Յակուտիայի օպերային թատրոնի տնօրեն Սերգեյ Սյուլսկին՝ հրավիրելով Հրանտ Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնին: Ես խորհուրդ տվեցի կապվել նաեւ մեր մշակույթի նախարարության եւ ազգային օպերային թատրոնի ղեկավարության հետ: Արդյունքում մեր պատվիրակությունը, այդ թվում՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, օպերային երգչուհի Դիանա Հարությունյանը, դուդուկահար Հարություն Չկոլյանը մեկնեցինք Յակուտսկ,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց,- Հրանտ Գրիգորյանի հոբելյանին նվիրված փառատոնը բաղկացած էր չորս երեկոյից… Թվարկեմ ծնունդով Սուխումից, ապա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում ուսանած՝ 1952թ. Յակուտսկում ստեղծագործական գործունեություն ծավալած մեր հայրենակցի մասշտաբային մեկ-երկու գործերը: Նա հեղինակ է 1959թ. յակուտական ազգային երաժշտության հիմքի վրա ստեղծված առաջին «Լոոկուտ եւ Նյուրգուսոն» օպերայի (Յակուտսկում օպերային թատրոնը հիմնադրվել է 49 տարի առաջ), «Երջանկության քարը» բալետի, «Հյուսիսային ծաղիկը» օպերետի, խմբագրել է յակուտական ժողովրդական երգերի երկու ժողովածուներ: Ասում են՝ հեղինակ է նաեւ թումանյանական երկերի հիման վրա գրված «Տոն սարերում» մոնումենտալ ստեղծագործության:

Մոսկովյան շրջանում կոմպոզիտորը ուսանել եւ մտերիմ է եղել Անդրեյ Էշպայի, Ռոդիոն Շեդրինի եւ մյուս անվանի կոմպոզիտորների հետ…»:

Ձեր շարքից կարելի է հասկանալ, որ մեր հայրենակիցը Յակուտիայում կատարել է Կոմիտասի դերը, գնացել, հավաքել ու մշակել է ժողովրդական մեղեդիներ, պարոն Սաթյանը պատասխանեց. «Կարելի է եւ այդպես ասել: Ի դեպ, Յակուտսկում հիանալի Կոմիտաս գիտեին…»:

Դիրիժոր Ասատրյանն էլ խոսեց իրենց մասնակցությամբ փառատոնի գալահամերգի մասին: Ասաց, որ տեղի օպերային թատրոնի նվագախմբի հետ ղեկավարել է Հրանտ Գրիգորյանի «Վալսը», Սաթյանի «Ցախեսը» օպերայից արիա է ներկայացրել Դիանա Հարությունյանը: Իսկ դուդուկահար Հարություն Չկոլյանը նվագախմբի հետ հնչեցրել է Սաթյանի «1915թ.» ստեղծագործությունը: Մեր դիրիժորը հիացած էր Յակուտսկի օպերային թատրոնի ձայներով եւ հատկապես բալետային խմբի արտիստների արվեստով: «Փառատոնային առաջին օրը ողջույնի իսկապես բովանդակալից խոսքով հանդես եկան Արամ Սաթյանն ու Սախայի Հանրապետության մշակույթի նախարար պարոն Սիլինը: Կուզեի հատկապես նշել Սախայի կոմպոզիտորների միության նախագահ Կիրիլ Գերասիմովին, երաժշտագետ Տատյանա Պավլովային, որոնք, բացի բարձրակարգ պրոֆեսիոնալներ լինելուց, հետաքրքրված էին հայ արվեստով, մասնավորապես՝ կոմպոզիտորական:

Յակուտսկում 2014-ից գործում է Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում երկու հայի արձան է՝ Հրանտ Գրիգորյանի եւ անվանի գիտնական Արթուր Չիլինգարովի: Վերջինս է միջնորդել Սախայի կառավարությանը, որ այդ տարածքը հատկացնեն հայկական եկեղեցուն, իսկ եկեղեցուն կից գործում է հայկական մշակութային կենտրոն եւ կիրակնօրյա դպրոց»,- հայտնեց դիրիժոր Ասատրյանը:
Արամ Սաթյանից էլ հետաքրքրվեցինք՝ մտադրություն չունի՞ «կամրջել» Երեւանի եւ Յակուտսկի օպերային թատրոնները: «Նման մտադրություն ունեմ եւ օրերս պատրաստվում եմ հենց այդ հարցի շուրջ խոսակցություն ծավալել մշակույթի նախարարության եւ մեր օպերային թատրոնի ղեկավարության հետ»,- հայտնեց կոմպոզիտորը:

Ռուբեն Ասատրյանը տեր Սիոն քհն. Հայրապետյանի հետ

Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք Սախայի հայ համայնքով: Ասացին, որ այնտեղ բնակվում է շուրջ 7000 հայ, համայնքի նախագահը Անդրանիկ Նավոյանն է: Սաթյանն ու Ասատրյանը հատկապես նշեցին, որ Հրանտ Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնը հովանավորել էին կառավարությունն ու հայ համայնքը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

29.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031