Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամների, այդ թվում՝ իմ հրաժարականը կլինի պատասխանատու գործը ձախողելու ամենադյուրին ճանապարհը. Գևորգ Դանիելյան

Մայիս 29,2019 20:40

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խորհրդարանի այն հարգարժան պատգամավորների համար, որոնք իրենց պարտքն են համարում բարձրաձայնելու դատական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների և, մասնավորապես, դատական իշխանության նկատմամբ դիրքորոշումներ բարձրաձայնելու հարցը, հակիրճ նկատեմ հետևյալը.

Խորհրդի անդամների, այդ թվում՝ իմ հրաժարականը կլինի պատասխանատու գործը ձախողելու ամենադյուրին ճանապարհը: Ինքս պետական գործիչ եմ և երբեք իմ անձնական ամբիցիաները վեր չեմ դասի հանրային շահից. կգա պատեհ պահը, վայրկյան անգամ չեմ հապաղի: Իսկ այս փուլում, երբ Խորհրդում հարկ է լինում ամենօրյա ռեժիմով լուծելու խիստ կարևոր ու օպերատիվ բազում խնդիրներ, որոնք Հիմնական օրենքով վերապահված են բացառապես Խորհրդին, մեզանից որևէ մեկն իրեն չի կարող թույլ տալ տրվելու զգացմունքային որոշումների: Հանրությունը, բնականաբար, տեղյակ չէ այդպիսի խնդիրներից, դրանց մասին մենք էլ հաճախ չենք բարձրաձայնել, սակայն դա բնավ չի նշանակում, որ այդպիսիք դադարել են գոյություն ունենալուց:

Նկատեմ նաև, որ կողմնակից կլինեմ բարեփոխումների ցանկացած տարբերակի, միայն թե այն չվերածվի գործադիր կամ օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության անկախության երաշխավորման գործառույթների յուրացմանը: Ընդհանրապես, իշխանության ճյուղերի հակակշռման սկզբունքը, հատկապես, երբ խոսքը դատական իշխանության մասին է, անվերապահորեն բացառում է միմյանցից հրաժարականներ պահանջելու, հաշվետվություններ ակնկալելու հռետորաբանությունը: Վերջին հաշվով, գոյություն ունեն դատական իշխանության անկախության երաշխավորման միջազգային չափանիշներ, որոնց պարտավոր ենք անվերապահորեն հետևել:

Հիշյալ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն անվերապահորեն ողջունելի է համարում դատական համակարգն արմատապես բարելավելուն միտված Հանրապետության վարչապետի նախաձեռնությունը և հնարավորինս ամեն ինչ անելու է այն կյանքի կոչելու համար:

Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը հարկ է քննարկել առավել լայն ու համարժեք ասպեկտներով, ինչին մենք կանդրադառնանք արդեն իսկ նշանակված նիստում:

Առաջիկայում հարկ եղած դեպքում առավել հանգամանորեն կանդրադառնամ հիշյալ խնդիրներին՝ ակնկալելով նաև խորհրդարանի բացառապես իրավաչափ աջակցությունը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031