«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ խնդրի վրա. «Ինձ դիմել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Զինավան»-ի բնակիչները: Վստահ եմ, որ դուք տեղյակ չեք խնդրի մասին:
Ստեփանավանում՝ «Զինավան»-ի շենքերից մեկի տանիքը երկար ժամանակ է՝ նորոգվում է, բայց աշխատանքը չի ավարտվում: Տանիքը բաց է: 4-ից 1-ին հարկերում զինվորականների բնակարաններում ջուր է լցվել: ՊՆ-ից ինձ ասացին, որ հարցը կլուծեն, մարդ կուղարկեն: Վերջինս նկարել է եւ գնացել: Օրեր անց հորդառատ անձրեւի պատճառով նույնը կրկնվել է: Մարդկանց կահույքն ու տեխնիկան փչացել են: Պարոն Տոնոյան, խնդրում ենք հարցին լուծում տալ»:
Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում զինծառայողներից, վիճակն անմխիթար է: Հորդառատ անձրեւ է եկել վերանորոգման ժամանակ, եւ ողջ համակարգը տակնուվրա է եղել: Հոսանքի մատակարարման հետ կապված եւս խնդիրներ են առաջացել: Խոստանում եմ կարճ ժամանակում վերականգնել վնասը: «Զինավան»-ում չորս շինություն կա անմխիթար վիճակում, երկուսում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ