Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցներն այսօր լրատվամիջոցներին իրենց բողոքն էին ներկայացրել առ այն, որ իրենց աշխատավարձերը վճարում են ոչ միայն ուշացումով, այլ հետպահումներով։ Այսօր նրանցից ոմանց ապրիլ ամսվա համար վճարել են 12 հազար դրամ, 22 հազար դրամ, 36 հազար դրամ։ Մինչդեռ, ըստ բողոքավորների, իրենք, երբեմն, աշխատում են նաև շաբաթ, կիրակի օրերին, աշխատանքի չներկայացածների փոխարեն, սակայն հավելավճար չեն ստանում։ Նրանք դժգոհ են նաև պայմաններից․ ասում են, որ չկա ճաշարան, օդափոխիչ, թունավոր կտորներով են կարում, խեղդվում են, մշտապես շտապօգնություն է գալիս, երբեմն ստիպված են նաև հիվանդանոց պառկել։
Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Նրա՝ ՄԻՊ-ին ուղարկած գրության մեջ գրված է․ «Հարգելի՛ պարոն Թաթոյան, վերջերս ստացել եմ տեղեկություն, որ Գյումրու «Սաստեքս» գործարանում գերծանրաբեռնված աշխատանքային պայմանների պատճառով աշխատակիցներն աշխատանքային օրվա ընթացքում պարբերաբար ուշաթափվում են և անընդհատ հարկադրված ահազանգում են շտապօգնություն։ Հերթական ահազանգի դեպքում զանգահարել եմ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժին լուրը ճշտելու համար, սակայն ինձ տեղեկացրել են, որ իրենք Շտապօգնության բաժնի հետ ճշտել են և նշել են, որ այդ օրն իսկապես եղել է ահազանգ ինքնազգացողության վատացման հետ կապված, սակայն այն, որ պարբերաբար լինում են նման դեպքեր, հերքել են։ Մինչդեռ իմ զանգից մեկ օր առաջ ինձ զանգահարել ու տեղեկացրել էին, որ հենց այդ պահին կրկին աշխատակից է վատացել և նրան բուժօգնություն ցուցաբերելու համար կրկին զանգահարել են շտապօգնություն։
Կարդացեք նաև
Ուստի վերոնշյալ իրավիճակի պարզաբանման և մարդու իրավունքների ենթադրյալ խախտման հանգամանքները ուսումնասիրելու համար, խնդրում եմ Ձեր կողմից ուշադրության արժանացնել սույն խնդրի ուսումնասիրությունը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ