Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոռեկտոր. «Անընդունելի է Մայր բուհի հարցը խաղով կամ քաղաքականությամբ լուծելը»

Մայիս 29,2019 18:30

Aravot. am-ը ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ մամուլում շրջանառվում է, և կարծես թե իրականությանը շատ մոտ է այն, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ մայիսի 30-ին կայանալիք նիստում խորհրդի անդամների մի մասը՝ հիմնականում կառավարության և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանում են նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցում, ինչպե՞ս է գնահատում այս իրողությունը:

«Մի տեսակ զարմանքով եմ վերաբերվում այս ամենին, քանի որ կրթության ոլորտի պատասխանատուների կողմից նախկինում մինչև բոլորովին վերջերս արված հայտարարությունների և ներկայիս դիրքորոշման մեջ հակասություններ եմ տեսնում»,- ասաց պրոռեկտորը:

Հարցրինք, թե ի՞նչ հակասությունների մասին է խոսքը, դե՞մ են Գեղամ Գևորգյանին:

«Գեղամ Գևորգյանի դեմ անձնապես ոչինչ չունեմ, մենք միասին աշխատել ենք երկար ժամանակ և մշտապես ունեցել ենք շատ նորմալ, հարգալից հարաբերություններ, այժմ էլ որևէ խնդիր չկա մեր միջեւ: Հակասությունն այն է, որ այսօրվա իշխանությունների և նրանց մասը կազմող բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների մոտ կար մոտեցում, ըստ որի՝ համալսարանի խնդիրները գերազանցապես կապված են բուհի բարձրագույն ղեկավարության հետ: Թեև ակնհայտորեն քննադատությունները հասցեագրվում են Արամ Սիմոնյանին, այդուհանդերձ շատ հաճախ մատնանշվում էր ոչ միայն ռեկտորը, այլ նաև մյուս որոշում կայացնողները:

Ինքս էլ, բնականաբար, չկիսելով նման մոտեցումը, այդուհանդերձ զարմանում եմ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ բոլորովին վերջերս իշխանության ներկայացուցիչների կողմից համալսարանի՝ այսպես կոչված անընդհատ հետադիմելու մեջ մեղադրվում էր բուհի կառավարման վերին օղակը, իսկ այժմ այդ օղակի առանցքային դերակատարներից մեկին, տվյալ դեպքում՝ պարոն Գևորգյանին համալսարանի ղեկավարումն է վստահվում: Վարչապետի հայտարարությունները, դրանցում բարձրաձայնված արժեքներն ու գաղափարները և, մյուս կողմից, այս հարցում տարվող ուղեգիծը հակասում են միմյանց, չեն համապատասխանում իրար. առնվազն դեմոկրատիկ չէ հոգաբարձուների խորհրդի արտաքին անդամներին հատուկ ուղղորդելը»,- ասաց պրոռեկտորը:

Հարցին՝ գուցե սա խա՞ղ է, իրականում այլ նպատակներ ու պլաններ կան, Մենուա Սողոմոնյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել…ավելի ճիշտ՝ թույլ տվեք չմեկնաբանել: Կասեմ միայն, որ անգամ եթե խաղ լինի, շատ դատապարտելի է ուրեմն… Մայր բուհի ղեկավարման հարցն անթույլատրելի է խաղով կամ քաղաքականությամբ լուծելը, զուգորդելը:

Երևանի պետական համալսարանը կարևորագույն դեր ունի հայ ժողովրդի կյանքում: Այն մեր քաղաքական, տնտեսական, մշակութային ընտրախավի առաջատար դարբնոցներից մեկն է, ազգային արժեք է համալսարանը, ուստի և անընդունելի ու դատապարտելի է համալսարանի հետ խաղ անել փորձելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031