Չորեքշաբթի Բաքվում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Արսենալ»- «Չելսի» եզրափակիչը: Խաղից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ անվտանգության նկատառումներով Բաքու չի մեկնի Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: RFI-ը պատմում է դրա շուրջ առաջացած սկանդալի, արձագանքների և այն մասին, թե ինչպես սպորտը պարտվեց քաղաքականությանը:
Մեծ կորուստ
Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից մեկ շաբաթ առաջ «Արսենալը» հայտնեց, որ թիմի առանցքային խաղացողներից մեկը չի մասնակցի եզրափակչին:
«Մենք հանգամանորեն ուսումնասիրել ենք խաղին Հենրիխի մասնակցության բոլոր տարբերակները, բայց այդ հարցը նրա և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշել ենք, որ ավելի լավ կլինի, որպեսզի նա թիմի հետ չմեկնի եզրափակչին: Մենք նամակ ենք ուղարկել ՈՒԵՖԱ-ին և խորը մտահոգություն ենք հայտնել այդ իրավիճակի կապակցությամբ»,- ասվում է «Արսենալի» տարածած հաղորդագրության մեջ, որում Մխիթարյանի բացակայությունը անվանվում է որպես «մեծ կորուստ»:
Կարդացեք նաև
Մեծ հաշվով դա դժվար է անվանել սենսացիա: Այդպիսի ելքը հեշտ կանխատեսելի էր՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի ազգությունը և Բաքվի՝ որպես մրցարշավի անցկացման վայր ընտրվելը: Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա թշնամությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրել է բազմաթիվ միջադեպեր:
Մի շարք լրատվամիջոցներ Ադրբեջանում Հայաստանի քաղաքացիների անվտանգության համատեքստում հիշել են ամենադրամատիկ դեպքերից մեկը, երբ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովն ավելի ուշ արտահանձնվեց Բաքվին, որտեղ նրան արդարացրին և պարգևատրեցին:
«Արսենալը» ՈՒԵՖԱ-ից անվտանգության երաշխիքներ է պահանջել Հենրիխ Մխիթարյանի համար, որը նախկինում արդեն երկու անգամ բաց էր թողել Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումները: Բաքուն հայտարարել է, որ չի նույնականացնում սպորտը և քաղաքականությունը, և հավաստիացրել էր, որ ֆուտբոլիստին ոչինչ չի սպառնում: Սակայն թիմին կազմակերպչի կողմից երաշխիքները բավարար չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի»՝ հայկական ազգանունով երկրպագուները Ադրբեջանի վիզա չէին կարողացել ստանալ, երկրի իշխանությունները հերքում են, որ ազգային հիմքի վրա խտրականություն են դրել:
Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել «Ադրբեջանի անկարողությամբ՝ ապահովել անվտանգության հուսալի մթնոլորտ, հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականություն», ինչպես նաև «հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքի» կապակցությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ էր արձագանքել Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշմանը՝ դրանում մեղադրելով Հայաստանին, իբր վերջինս ֆուտբոլիստին օգտագործում է իր «սադրիչ նպատակների» համար:
«ՈՒԵՖԱ-ի խայտառակությունը»
«Արսենալի» ֆուտբոլիստները, որպես Մխիթարյանին զորակցության նշան, որոշել էին հանդիպումից առաջ մարզման դուրս գալ նրա ազգանունով մարզաշապիկներով: Սակայն ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն արգելեց նրանց նման ակցիա անցկացնել: «ՈՒԵՖԱ-ն գիտեր՝ ինչի է գնում, երբ որոշեց Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվում: Դա արվել է ոչ թե ֆուտբոլի զարգացման, այլ նավթային պետությանը բավարարելու համար»,- ասվում է երկրպագուների հայտարարության մեջ:
Ֆրանսիական Le Monde թերթի էջերում սոցիալիստ-դեմոկրատ Ֆրանսուա Պուպոնին ավելի վաղ հրապարակել էր սյունյակ «Ինչու՞ Ադրբեջանին դուրս չեն թողնում միջազգային ֆուտբոլային մրցարշավներից» խորագրով: Ֆրանսիացի քաղաքական գործիչը քննադատության էր ենթարկում եզրափակչի ընտրության վայրը՝ Ադրբեջանն անվանելով «բռնատիրություն», որը գործնականում «չի կատարում իր ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»:
Ամերիկյան CNN հեռուստաալիքի սպորտային լրագրող Մասիմո Մարիոնին խմբագրական հոդվածում այդ միջադեպն անվանել էր «խայտառակություն ՈՒԵՖԱ-ի համար» և կոչ էր արել երկու թիմերին բոյկոտել եզրափակիչը, քանի որ «համաշխարհային աջակցություն վայելող ֆուտբոլային հսկան ստիպված է հետ կանչել համաշխարհային սուպերաստղին Եվրոպայի լիգայի եզրափակչից՝ միայն այն պատճառով, թե որտեղ է նա ծնվել»:
Ամերիկացի լրագրողը կոչ էր անում մի կողմ թողնել լոգիստիկ և ֆինանսական անհարմարությունները, որոնք խանգարեցին բազմաթիվ երկրպագուների մեկնել Բաքու: Մարիոնին երկրորդական էր համարում նաև այն փաստը, որ ակումբի երկրպագուներին բաժին էր ընկել միայն 6000 տոմս, այն դեպքում, երբ մարզադաշտը տեղավորում է մոտ 70 հազար երկրպագու:
«Պարզապես նկատի ունեցեք, որ Եվրոպայում ֆուտբոլի ղեկավար մարմինը, որը նրա արժեքների կրողն է, ընտրել է մի երկիր, որտեղ որոշակի ազգությամբ մարդիկ չեն կարող անվտանգ լինել, և որպես կանոն, նրանց մուտքն արգելված է»,- գրել էր հեղինակը:
Բրիտանական The Daily Mail թերթը Մխիթարյանին անվանել էր ՈՒԵՖԱ-ի՝ Ադրբեջանին մրցարշավ կազմակերպելու իրավունք տրամադրելու «հերթական զոհ»: Հոդվածի հեղինակը հիշեցնում էր, որ այդ որոշումն ընդունվել է 2017թ.՝ «հինգ շաբաթ այն բանից առաջ, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Իլհամ Ալիևը և նրա խորշելի շրջապատը ստեղծել էին 2 մլրդ ֆունթ ստերլինգի չափով հիմնադրամ, որից վճարում էին ցանկացածին, ով կկարողանար մաքրել նախագահի արատավոր հեղինակությունը և դրական կերպար ստեղծել նավթային հարուստ այդ երկրի շուրջ»:
Ինչն է ստիպել ՈՒԵՖԱ-ին որպես եզրափակչի վայր ընտրել Ադրբեջանը. հարցադրում էր կատարում ֆրանսիական SO FOOT կայքը և առաջարկում է «անցնել դրամական հետքերով»: 2013թ. ադրբեջանական նավթային Socar ընկերությունը, որը Բաքուն հաճախակի օգտագործում է որպես փափուկ ուժ, դարձավ ՈՒԵՖԱ-ի գլխավոր հովանավորներից մեկը: Ոչ պակաս կարևոր հանգամանք, որով բացատրվում են նավթային ընկերության ներդրումները սպորտում, կայքն անվանում է այն, որ Socar-ի գլխավոր տնօրեն Ռովնագ Աբդուլլաևը 2008թ-ից Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի նախագահն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ