«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հարցի վրա. «Ղազարավան համայնքը խմելու ջուր չունի: Այդ գյուղը հայտնի է ոչ միայն վարունգով, այլեւ մեծ ջրային պաշարներով: Այն ապահովում է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի շատ համայնքների խմելու ջուրը, բայց ղազարավանցիներն այս պահին խմելու ջուր չունեն: Խնդիրն այն է, որ ներքին ցանցը բարվոք վիճակում չէ: Ի՞նչ ծրագրի շրջանակում է հնարավոր խմելու ջրի հարցը լուծել»:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Ղազարավանն այն տասնյակ եւ հարյուրավոր գյուղերից է, որոնք ունեն նման խնդիր: Առաջիկայում կառավարության խնայած միջոցների հաշվին նախատեսվում է մի շարք ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներ կատարել: Դա վերաբերում է նաեւ մի շարք գյուղերի խմելու ջրի ներքին ցանցին: Ղազարավանի հարցը կարելի է տեղում քննարկել եւ հասկանալ, թե ինչ աստիճանի է, եւ արդյոք չկա՞ն ավելի վատթար ներքին ցանցով գյուղեր: Եթե պարզվի, որ առաջնային խնդիր կա, հարցին լուծում կտրվի առաջնահերթության սկզբունքով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ