«Ռազմական ոլորտում մոտեցումների, ռազմավարության հետ կապված Ադրբեջանում ոչինչ չի փոխվել,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը, հայտարարեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Ըստ նրա ՝ շարունակվում է Ադրբեջանի ռազմական պատրաստությունը, զենքի գնումները: Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ փետրվարից Ադրբեջանը նորից սկսել է կիրառել ռազմատենչ հռետորաբանություն:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը փաստեց՝ վերջին տարիներին Ադրբեջանում պերմանենտ ձևով զորավարժություններ են իրականացվում. «Հավանաբար ամռանը Նախիջևանում տեղի կունենան զորավարժություններ, աշնանը՝ մայրցամաքային Ադրբեջանում: Ամեն սեզոնի համար նախատեսված են զորավարժություններ: Բացի զորքի պատրաստվածության մակարդակի ստուգումից, կոնկրետ ուղղություններ են խաղարկվում: Օրինակ՝ մայիսին անցկացված զորավարժություններին Արցախի հարավային սահմանների ուղղությունը խաղարկվեց, մեկ ուրիշ անգամ էլ Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան ուղղությունները»:
Հարցին՝ այս ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում պարբերաբար հնչող Հայաստան-Արցախ բաժանարար հայտարարությունները, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան պատասխանեց. «Ցանկացած գիտակից մարդ պետք է հասկանա. պառակտում մտցնելը ծայրահեղ վտանգավոր է: Փաստացի ադրբեջանական քարոզչությունը շատ հարմար ձևով օգտվում է պահից: Ամբողջ ադրբեջանական մամուլը հեղեղված է նյութերով, որոնց հիմքն այն թեզն է, թե Հայաստանը և Արցախը պառակտվում են, և ահա շուտով մի քիչ էլ սպասենք, հարմար պահ կլինի, որ մեր հարցերը լուծենք: Եթե մարդիկ շահարկում են այս թեման ու քաղաքական դիվիդենտներ փորձում շահել, ես իրենց ասում եմ՝ ուշքի եկեք ու արագ թարգեք դա»:
Կարդացեք նաև
Կարեն Վրթանեսյանն էլ հավելեց՝ հանգիստ նստեք տեղներդ ու նշեց. «Ադրբեջանում մեր ներքին խոսակցություններին և վեճերին հետևում են ու կարող է մի քանի ամսից, տարուց օգտագործեն: Ցանկացած ներքին ագրեսիվ հռետորաբանություն օգտագործվում է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանում ոչ ոք գեթ մեկ սանտիմետրով ավելի խաղաղասեր չի դարձել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ