Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեփականատեր չէ, իսկական ստրկատեր է․ մեզ ճորտի տեղ է դրել»․ բողոք Գյումրու «Սաստեքս»-ում

Մայիս 29,2019 17:56

Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցները, որոնք արտադրում են բանվորական շալվարներ, խալաթներ, բաճկոններ, ոտքի են կանգնել։ Նրանք դժգոհում են, որ սփյուռքահայ սեփականատեր Քրիստիան Գելիջին իրենց հետ վարվում է այնպես, ինչպես ստրուկի․ այսօր վճարել է միայն ապրիլ ամսվա աշխատավարձը, ընդ որում 55 հազար դրամի փոխարեն ստացել են 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ։ Աշխատակիցների ասելով՝ մայիս ամսվա աշխատավարձն էլ չգիտեն կտա՞ն, թե՞ ոչ։ Ըստ աշխատակիցների, երբեմն աշխատանքի են կանչում նաև շաբաթ, կիրակի օրերին, սակայն դրա դիմաց չեն վճարում։

«Եթե շաբաթ օրերին էլ աշխատում ենք, չենք վճարվում։ Սեփականատեր է, ինչ ուզի, կանի: Չենք ուզում աշխատել, դուռը բաց է, ելեք, դուրս գնացեք, լիքն են նոր աշխատողները, 2000 հոգի գրանցված են, չլինես դու, կլինի էն մյուսը, ելեք, գնացեք, սա՛ է պատասխանը», -ասաց աշխատակցուհիներից մեկը։ Նա նաև նշեց, որ սեփականատերն, աշխատավարձերը կիսատ վճարելով, պատճառաբանել է, թե արտադրանքը «բռակ է», ուղարկել են Եվրոպա, այնտեղից էլ հետ են ուղարկել։

«Դրանք բոլորը սուտ խոսքեր են, որովհետև այստեղ ապրանքը օթեկա է անցնում․ կան մի քանի տեխնոլոգներ, լեհերը հսկում են, մի՞թե պատվիրատու լեհերը թույլ տվեցին իրենց ապրանքը էդպես բռակ գնար, հասներ Եվրոպա»։

Աշխատակիցներից մեկն էլ դժգոհեց, որ եղել են դեպքեր, երբ օրվա պլանը կատարել են քիչ թվով աշխատակիցներով, ասենք՝ վեց հոգի բացակա են եղել, ղեկավարությունը բացակաների գումարը հետ է պահել, սակայն այդ վեց հոգու փոխարեն աշխատողներին էլ հավելավճար չեն տվել։

«Եղել է, շաբաթ էլ ենք աշխատել, կիրակի էլ ենք աշխատել, տոն օրերին էլ ենք աշխատել, ընդմիջմանն էլ ենք աշխատել, արտաժամ էլ ենք աշխատել, ութ ժամ ենք աշխատում օրվա կտրվածքով, այսինքն` շաբաթական աշխատում ենք 40 ժամ, բայց հավելյալ ժամերով, որ հաշվում ենք, շատ ավելին է գալիս։ Էսօրվա դրությամբ կանգնել, ասում են՝ ո՛չ քանակն եք ապահովում, ո՛չ որակն եք ապահովում։ Մեր հաշվարկներով, նվազագույն աշխատավարձին պիտի ավելացնեն հավելյալը, որպեսզի դա լինի Հայաստանի Հանրապետության աշխատավարձի միջին չափը։ Եթե 22 հազար, 12 հազար են էսօր վճարել, պիտի գումարեին նվազագույն աշխատավարձը, որ կազմեր 75, 76 հազար դրամ»։

Բողոքավորներից մեկն էլ ասաց, որ ամբողջ ամսվա ընթացքում կատարել է բոլոր աշխատանքները, ով բացակա է եղել, նրա փոխարեն ևս աշխատել է, սակայն ստացել է 29 հազար 500 դրամ։ «Ասենք՝ ես կարում եմ 100 գործ, մյուսը կարում է 40 գործ, ինչո՞ւ ես 100-իս դիմաց չպիտի վճարվեմ, կողքինի աշխատանքի համար ես տուժեմ։ Ինձ պատասխանում են, որ պիտի ընդհանուր լինի ձեր աշխատանքը: Էդ կոչվո՞ւմ է գործարքային, հոսքայինը գործարքային չէ։ Ոչ մի հիմնավորում չեն ներկայացնում, հենց նոր ես խոսեցի, ասացին՝ գնա, դուռը բաց է, 1500 հոգի գրանցված աշխատող ունենք, կգան, կաշխատեն։ Մի երեք ամիս 55 հազար դրամ կտան, նրանք էլ կաշխատեն, հետո նրանց էլ կխաբեն, կճանապարհեն, մեկ ուրիշը կգա ու էդպես շարունակ», -ասաց Արմենուհի Ժամակոչյանը։ Նա նաև դժգոհեց պայմաններից, ասաց, որ թունավոր աշխատանք են կատարում, սակայն չկա ճաշարան, չկա օդափոխիչ, ալերգիայի մեջ են ընկնում, անընդհատ շտապօգնություն է գալիս։

Նրանք նաև ցույց տվեցին մի բանաձև, համաձայն որի՝ գոյանում է իրենց աշխատավարձը ու դժգոհեցին, որ մասնագիտությամբ հաշվապահ աշխատողն անգամ գլուխ չի հանում դրանից։

Աշխատակիցները նաև նեղվեցին, որ ստացած աշխատավարձը չի բավարարում անգամ տրանսպորտին, շատերը գնում-գալիս են մոտակա գյուղերից։

Մենք պարզաբանումներ ստացանք նաև «Սաստեքսի» ներկայացուցիչ Տաշչյան Ներսեսից։ Նա ասաց՝ դեռ 3 ամիս առաջ աշխատակիցներին զգուշացրել են, որ աշխատավարձը գործարքային պետք է լինի ու որպես օրինակ՝ մեջբերեց Վանաձորի կարի ֆաբրիկան, որտեղ գործարքայինով որոշ աշխատակիցներ ստացել են մինչև 100-120 հազար դրամ։

Իսկ այն դժգոհությունները, թե «Սաստեքս»-ի ղեկավարությունը հրաժարվել է վճարել այն պատճառաբանությամբ, թե անորակ արտադրանք են տվել, Ներսես Տաշչյանն ասաց․ «Բռակն այստեղ կապ չունի, եղել է խնդիր, ասենք մոդելը պետք է 120 կար ունենար, 80 է եղել, բայց դրա համար աշխատավարձ չի պահված իրենցից։ Մենք համ 3 ամիս սովորեցրեցինք ուսումնարանում, փողն էլ տվեցինք, որ մնան, դրա համար էլ մենք վախ չունենք, զգուշացրել ենք, պայմանագրի մեջ էլ կա, որ գործարքային է»։

Ներսես Տաշչյանը ճաշարան, օդափոխիչ , հանդերձարան չունենալու հետ կապված էլ ասաց, որ 450 հոգու համար նախատեսված եվրոպական չափանիշներով ճաշարան են սարքել, բայց դեռ աթոռ-սեղան չկա, ջուր չկա, կոյուղի չկա, քանի որ շտապեցին գործարանը բացել, այդ հարցերը ընթացքում կլուծեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031