Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուդվին-Բետ» ընկերության տնօրենին գոհացրել են ԱԺ պատգամավորների հետ ձեռք բերած պայմանավորվածությունները

Մայիս 29,2019 18:40

Ավարտվեց բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների պատվիրակության հանդիպումը Ազգային ժողովի պատգամավորների հետ:
«Գուդվին-Բետ» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանն ասաց, որ այս պահին գոհացնում են հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Նրա խոսքով, ինչ պահանջ որ ունեին աշխատակիցները, ինչի համար հավաքվել էին, ինչի համար փողոց էին փակել, ներկայացրել են. «Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները եւ պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են»:

Հիշեցնենք,որ այսօր վաղ առավոտից բուքմեյքերական գրասենյակների հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով չեղարկել շրջանառության մեջ դրված նախագիծը: Ցուցարարները մոտ երկու ժամ փակ պահեցին Բաղրամյան պողոտան՝ կաթվածահար անելով երթեւեկությունը:

Նրանց պահանջին ընդառաջ, Ազգային ժողովից արձագանքեցին՝ որ կարող են աշխատակիցներից կազմված պատվիրակության ընդունել: Ապա քննարկումներից հետո Սարգիս Միքայելյանը ներկայացրեց հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նրա խոսքով, իրենք «Վիվառոբետ» ընկերության դեմ պայքարելու խնդիր չունեն, այլ պայքարում են իրենց ընկերության հետագա գործունեության համար:

«Մեր ընկերությունը, եթե էլեկտրոնային սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղ չի կազմակերպում, հնարավորություն չի տրվում դրանք գոնե կազմակերպել բուքմեյքերական կետերի տիրույթում, մենք ստիպված ենք լինելու օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 10 օր հետո անմիջապես փակվել, որովհետեւ այլ ֆինանսական հնարավորություններ չունենք մոտակա 6 ամիսներին մուծելու հաջորդ մեկ տարվա պետական տուրքը եւ այլ ֆինանսական հարցեր կարգավորել»:

Ապա պարոն  Միքայելյանը արձագանքեց կառավարության եւ պատգամավորների՝ խաղամոլության առնչությամբ ունեցած մտահոգություններին՝ իրենք  պատրաստ են դադարեցնել գործունեությունը, բայց ոչ խտրականության զոհ դառնալու գնով. «Բայց այս պարագայում նախագիծը ծառայում է այլ նպատակի՝ այն մարդկանց, ովքեր ինտերնետ տիրույթում ուժեղ են: Մենք ստիպված ենք լինում փակվել: Եթե այսօր ոլորտում գործում են 4 բուքմեյքերական ընկերություններ, այս նախագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է, դա «Վիվառոբետն է»:

Այն հարցին, թե որեւէ կապ տեսնո՞ւմ են նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Վիվառոբետ» ընկերության միջեւ, Սարգիս Միքայելյանը պատասխանեց. «Որեւիցե փաստական հանգամանք չեմ կարող նշել նախագծի հեղինակի եւ արտոնություն ստացող ընկերության միջեւ, բայց որ նախագիծն իր բովանդակությամբ ծառայում է այդ նպատակին, դա ակնհայտ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031