Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին առաջարկել են ժամանակին և ամբողջ ծավալով վճարել հարկերը

Մայիս 29,2019 17:50

Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։ «Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտորներով չձևակերպելը»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին` արձանագրելով նաև բուժհաստատություններից բժիշկների արտահոսքի փաստը․ «Կան բժշկական հաստատություններ, որոնք առավել նպաստավոր պայմաններում են «ծրարով աշխատավարձեր» վճարելու պատճառով, քան այլ բժշկական հաստատություններ, որոնք, «սպիտակ դաշտում» գործելով, վճարում են եկամտային հարկն ամբողջությամբ»։ Երկու կառույցների ղեկավարները նշել են, որ իրենց նպատակը ոլորտում թափանցիկ ու մրցակցային ճիշտ հարաբերություններ ստեղծելն է, և որ թափանցիկությունը բերելու է հարկային պարտավորությունների լիակատար ծավալով կատարմանը: Արդյունքում վճարված հարկերն ապագայում ոլորտին բյուջետային լրացուցիչ ծախսային հնարավորություն են տալու։

Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը գործընկերային մթնոլորտում ոլորտի տնտեսվարողներին առաջարկել են ժամանակին և ամբողջ ծավալով վճարել հարկերը։ Նրանք հայտնել են, որ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափողները ստիպված են լինելու կրել օրենքով նախատեսված ողջ պատասխանատվությունը, իսկ օրինապահներն առավելություն են ստանալու: Մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բյուջետային աճի շնորհիվ նոր հատկացումներ կատարելիս Առողջապահության նախարարությունն առավելությունը տալու է ավելի շատ հարկ վճարող  և վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատություններին։

Հանդիպմանը ՊԵԿ նախագահը և առողջապահության նախարարը հարկ վճարողների հետ ակտիվ քննարկել են նրանց մտահոգությունները։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկել են նաև ստեղծել սպիտակ շրջանառությամբ բուժհիմնարկների ակումբ։ Գաղափարը ողջունել են երկու գերատեսչությունների ղեկավարները։ Դավիթ Անանյանը կարևորել է գործարար համայնքի հետ քննարկումների միջոցով ռիսկերի մասին բարձրաձայնելը և դրանց նվազեցման քայլերը հստակեցնելը:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031