ԱԺ նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանից երկու հայտարարության վերաբերյալ դիրքորոշում հարցրեց: Նա նախ հիշեցրեց ՍԴ նախկին նախագահ, օրերս ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տված Գագիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ «ունենք դատարաններ, բայց արդարադատություն չունենք»: Ապա Արփինե Դավոյանը մեջբերեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցը, որում նա ասել է, որ «ունենք սահմանադրություն, բայց ոչ՝ սահմանադրականություն»: Դավոյանը հարցրեք. «Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը Հրայր Թովմասյանի հետ՝ մի պաշտոնյանի, որն ինքն է նման բան փաստում»:
Արթուր Վաղարշյանը նախ դառնալով Գագիկ Հարությունյանի հայտարարությանը, հետեւյալ համոզմունքը հայտնեց. «Նրա ասածում խորքայնություն է եղել: Նա ուղերձ է հղել իշխանությանը առկա խզվածքի մասին՝ ասելով, որ ունենք դատարաններ, բայց արդարադատություն չունենք»:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի համոզմունքին, Վաղարշյանը հարցադրում ուղղեց պատգամավորներին. «Ի՞նչ եք ուզում, որ խիղճս կորցնեմ եւ ասեմ, որ դրանք վա՞տ արտահայտություններ են: Հրայր Թովմասյանի ասածը ենթադրում է, որ սահմանադրության եւ իրական կյանքի միջեւ խզում կա»:
«Իմ քայլի» որոշ պատգամավորներ հետաքրքրվեցին նաեւ, թե Արթուր Վաղարշյանն ինչ կարծիքի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի մասին: Վաղարշյանը պատասխանեց. «Այդ կոչն օրենքի հետ խնդիր ունի, բայց այն չի կարելի համարել սահմանադրական կարգի տապալում: Քաղաքացիները կարող էին մուտքերը չարգելափակել եւ փոխարենը հավաք անել: Այդ դեպքում իրավաբանները չէին ահազանգի խախտման մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ