Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է». Արարատ Միրզոյանի ուշագրավ պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերի մասին

Մայիս 29,2019 17:17

2017-ի հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը լինելով «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ քննադատեց այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին ու սկսեց խոսել նրա ուրվականի հետ։ Քանի որ ԵԱՏՄ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախագահող էր, ուստի չէր ներկայացել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր էր ներկա գտնվել: Նիկոլ Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարեց, թե դահլիճում «հերյուրանքներ» են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է կառավարության հետ հարցուպատասխանից։ Փաշինյանը ժպտալով նշեց, թե ինքը չի կարող հավատալ նման «սադրիչ լուրերին», եւ նույնիսկ անվստահություն է հայտնում սեփական աչքերին, որոնք ակնհայտ սխալ տեղեկատվություն են փոխանցում, եւ մատնանշեց ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, որով ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է, որ եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա նա որեւէ այլ վայրում գտնվել չի կարող:

Այսօր չորեքշաբթի է, ԱԺ-կառավարություն հարցուպատասխան կա ու Նիկոլ Փաշինյանը ներկա չէ, ուստի լրագրողները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեցին՝ հիմա եթե վարչապետը հարցուպատասխանին չմասնակցի, դա օրենքի խախտո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Վարչապետը երկրո՞ւմ է: Օրենքը կարդացեք, ժողովուրդ ջան, եթե կառավարության անդամը, այդ թվում եւ վարչապետը երկրում չի, ապա նա, իհարկե, չի կարող գալ այստեղ»:

Լրագրողները հարցրեցին՝ բա ասում են՝ աշխարհի որ կետում էլ լինի, չորեքշաբթի պիտի գա ԱԺ՝ Արարատ Միրզոյանի պատասխանն ուշագրավ էր. «Դա օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է»: Երբ հուշեցին, որ այդ մեկնաբանությունը Նիկոլ Փաշինյանինն է՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես չեմ հիշում կոնկրետ դրվագը եւ կոնկրետ կոնտեքստը: Եթե մարդը երկրում չի, գործուղման է, կամ, ենթադրենք, արձակուրդում է, ո՞նց կարա գա էս դահլիճ չորեքշաբթի օրը…Կարող է պարոն Փաշինյանը նկատի է ունեցել, որ երկրում է, ես չեմ հիշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031