«Ռոբերտ Քոչարյանը դեմոնիզացվել է. նրան ավելի մեծ ուշադրության են արժանացնում, քան ինքը դրան արժանի է: Նրա ուժի մասին ավելի մեծ պատկերացումներ ունեն, քան իրականում կա»,-այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
Նա նշեց՝ հույս ունի, որ հանրությունը մերժել է այդ կառավարման համակարգը, և դրան վերադարձ չի լինելու. «Ես մերժել եմ: Դո՞ւք: Քոչարյանը չի լինելու երկրորդ բևեռ»:
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, դառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվածի վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշմանը, ասաց. «Ռոբերտ Քոչարյանի ազատությունը որպես համակեցության արդյունավետ ձև չեմ ընկալում: Դրա՝ լինել կամ չլինելը չեմ համարում ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու և ՀՀ զարգացումն ապահովելու քաղաքական հիմնական ուղի: Այս առումով քաղաքական գործունեությունն ինձ համար արժեքների, ծրագրերի և գաղափարների շուրջ է»:
Միքայել Նահապետյանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը չի կարող դրվել իր քաղաքական գործունեության հիմքում. «Համագործակցության հնարավորություն տեսնում ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ կկարողանանք մեր գաղափարախոսության շուրջ օրակարգեր մեկտեղել, որոնց անցյալն ու ներկան մեզ համար կլինեն ընկալելի և ընդունելի ապագայի տեսանկյունից»:
Կարդացեք նաև
Սուրեն Սահակյանն այս առիթով հստակեցրեց. «Դա չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ներգրավվածությամբ որևէ ուժ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ