Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Տեփանոսյանի մայր. «Ես հիմա ատում եմ «Սասնա ծռերին». իրենք իմ որդու սպանության պատճառ դարձան»

Մայիս 29,2019 16:26

Այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատավարությունը: Նիստում այլ վկաներից բացի՝ որպես վկա հարցաքննվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, որը դատարան էր ներկայացել պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ: Նա դատարանին ասաց, որ ներկայումս հարսի՝ Արփինե Թումասյանի հետ ունի լարված հարաբերություններ եւ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչում:

Ապա պատմեց այդ օրը տեղի ունեցածը. «Հարսս զանգեց, ասաց Յուրային խփել են: Գնացինք ՊՊԾ գնդի հետեւը, Պավլիկին, տղին, «Ծռերին» հայհոյել եմ ամենավերջին հայհոյանքներով: Այդ պահին մոտիկացավ մի ոստիկան եւ ասաց՝ քո տղուն իրանք չեն խփել, հիմա, որ քրֆում ես՝ քֆուրի համար իրանք քեզ կխփեն: Ասի՝ բա ո՞նց, ասեց՝ էսի Սերժի հրամանն են կատարել, ասի՝ Սերժը ի՞նչ կապ ունի։ Ասեցի՝ բա տղաս ո՞ւր ա, ասեց՝ տղեդ կողքից վիրավոր ա, տարել են Էրեբունի մասիվ հիվանդանոց: Եկանք հիվանդանոց, ով ինձ ճանաչում էր, ասին հոպար ջան՝ միլիցեքը, Գասպարյան Վովան, էս էս մարդիկ, տղուդ գլուխը կերան: Անցավ մի երկու ժամ, եկա տուն, հարազատներից մարդիկ կան, բոլորի ներկայությամբ ասի՝ որ ասում են ոստիկաններն են տղուս գլուխը կերել»:

Վահրամ Տեփանոսյանը շարունակեց. «Մի քիչ մթնշաղ էր, ասի՝ էթանք տենանք տղուս որտեղ են խփել: Գնացինք հասանք, չէին թողնում, ասեցի՝ ասեք Յուրոյի պապան է եկել՝ թողեցին: Հետո եկանք տուն, Յուրոյիս ընկերներից ովքեր ծառայում էին, հետս եկել էին: Հետո պլանշետով ցույց տվին, նայեցի ծակ ա արած: Ու եթե հավաքեինք մի կես վեդրո շուշա կլիներ, սկսեցի հայհոյել: Յուրայիս հետի ոստիկաններից զանգում են, ասում են՝ հերը բիճ մարդ ա, ջոկեց, որ ստեղ մի բան էն չի: Քշինք հետ եկանք, ասին՝ ով ով ա, ասի՝ Յուրայի պապան ա, եկել եմ շուշեքը նայեմ, ասեց՝ շուշեք ավլեցինք-թափեցինք, ասի՝ ո՞նց թափեցիք, ասեց՝ վերեւից կարգադրեցին: Դա պատուհանի շուշա էր»:

Յուրի Տեփանոսյանի հոր խոսքով, որդու մահվան օրվանը հաջորդող օրերին իրենց տան մոտակայքում տեսախցիկներ են տեղադրել. «Գրիգորյան Գուրգենն էլ եկավ՝ տղիս հրամանատարը: Հարսս ասեց՝ էս էիր ուզո՞ւմ, մարդուս գլուխը կերար, հանգստացար: Երանոսյան գեներալն էլ էր էնտեղ, ասեց՝ էդ ի՞նչ ես արել էս օջախին, որ կինն էսպես վրդովված ա, որ ուզում ա վիզդ կտրի: Ես դուրս եկա, չմնացի էդտեղ: Երանոսյանը վերջում ասեց՝ խի՞ սենց տղուն «Ժերտվա» են տալիս: Տղուս սպանելուց հետո ասել եմ, որ ոստիկաններն են խփել տղիս, ոչ թե «Սասնա ծռերը»:

Ապա Յուրա Տեփանոսյանի հայրը պատմեց ինչպես է գնդապետը, որը փորձաքննության շրջանակներում ուսումնասիրել է, թե որտեղից են փորձել Յուրային կրակել, տարբեր տեղերում կանգնելով հավաստիացել է, որ այդ տարածքում հնարավոր չէր լինի Յուրա Տեփանոսյանին կրակել: Սակայն, ըստ Վահրամ Տեփանոսյանի, երբ այդ պահին ուսումնասիրելիս է եղել, չի իմացել, որ կողքին կանգնածը Յուրայի հայրն է: Երբ իմացել է՝ արագ խոսքերը փոխել է, եւ Յուրայի ավտոմեքենան տարել՝ կանգնեցրել այնպիսի վայրում, որտեղից հնարավոր էր, որ «Սասնա ծռերը» կրակած լինեին:

Ասաց, որ որդու ավտոմեքենան զննել է եւ հասկացել, որ գնդակը շատ մոտիկից է որդու գլխին դիպչել, քանի որ ավտոմեքենայի ապակիները մգեցված են եղել եւ այդքան հեռավորությունից ուղղակի հնարավոր չէր լինի հենց գլխի այդ հատվածին կրակել:

Մեղադրող կողմը Վահրամ Տեփանոսյանին հարց ուղղեց՝ երբ ասացին ձեր որդուն խփել են Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Գասպարյանի հրամանով, չփորձեցի՞ք ճշտել՝ ով է այդ մարդը: Ի պատասխան Յուրա Տեփանոսյանի հայրն ասաց. «Սաղ Հայաստանը գիտի, ես այնպիսի վիճակում էի, որ անուն չեմ կարող հիշել»:

Յուրի Տեփանոսյանի մայրը՝ Աշխեն Տեփանոսյանը նույնպես դատարանում էր, սակայն դահլիճից դուրս էր սպասում: Ապա արդեն դատարանում պնդեց՝ իր որդուն սպանել են ոստիկանները: Սպանված ոստիկանի մայրն ասաց, որ այդ մասին խոսել եւ իրեն ասել է ժողովուրդը: Հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ինքը «Սասնա ծռեր»-ի հետ, պատասխանեց՝ ոչ մի. «Ես հիմա ատում եմ «Սասնա ծռերին». իրենք իմ որդու սպանության պատճառ դարձան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031