Այսօր առավոտից Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց են անում բուքմեյքերական ընկերությունների հարյուրավոր աշխատակիցներ: Խնդիրը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծն է:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը, երբ նրան փոխանցեցին ցուցարարների դժգոհություններն ու խոսքերը, թե՝ «նախկինում եղել եք խաղամոլ, վիվարոների հետ կապ ունեք»՝ պատասխանեց. «Ե՞ս, ես մի հատ խնդիր ունեմ՝ բավականին կաղում են իմ մաթեմատիկական գիտելիքները, դրա համար ես չեմ կարողանում խաղալ, ոչ թղթախաղ, ոչ էլ այլ խաղ»:
Հարցին՝ նախկինում բուքմեյքերական ընկերություն ունեցե՞լ եք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ. «2007-ին ունեցել եմ սրճարան, որտեղ եղել է խաղադրույք կատարելու հնարավորություն»:
Դիտարկմանը, որ մեղադրում են, որ ձեր երկու ընկերները նման գրասենյակներ ունեն, դրա համար եք այդ նախագիծը բերել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Երկու գրասենյակների սեփականատերերի հետ ես ունեմ բավականին լավ ընկերական հարաբերություններ»: Նա վստահեցրեց, որ չնայած դրան, ընկերների շահը չի պաշտպանում, տրամաբանություն չկա ցուցարարների ասածների մեջ. «Իրենք ասում են՝ օնլայն, օնլայն, օնլայններից ամենամեծը «Աջարաբեթն» է, որի հետ ես որեւիցե կապ չունեմ»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Այստեղ գիտե՞ք ինչն է խնդիրը, կռիվը չի գնում բուքմեյքերական գրասենյակների հետ, այս ցեխ շպրտելը մի իմաստ ունի՝ այն ապարատները, որ գազալցակայաններում դրած է, երկար պահելու: Ուրիշ բանի վեճ չկա: Ի դեպ, այդ ապարատները մենաշնորհային ձեւով պատկանում է «Գուդվին» ընկերությանը»:
Ալեն Սիմոնյանի հակափաստարկները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ