Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ անդամի թեկնածուն կողմ չէ ՍԴ-ն ցրելուն, դատավորին հրելուն

Մայիս 29,2019 14:57

«Անկախ նրանից՝ Սահմանադրական դատարանը կվերացնենք, թե ոչ, դրա գործառույթը սահմանադրական վերահսկողությունն է, եւ այն առկա է: Ուստի համաձայն չեմ տեսակետի հետ, թե ՍԴ-ն պետք է վերացնել, որովհետեւ գոյություն ունեն դատական իշխանության կառույցներ եւ գործառույթներ»,-ԱԺ ամբիոնից այսօր պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված՝ սահմանադրագետ, իրավաբան Արթուր Վաղարշյանը:

Նրա բնորոշմամբ՝ Սահմանադրության սկզբունքներից մեկն ասում է, որ դատական համակարգի օղակները պետք է կառուցվածքային առումով անջատ լինեն. «Միշտ չէ, որ բոլոր գործառույթների կենտրոնացումը մեկ մարմնում ճիշտ է: ՍԴ դերը մեծ եմ համարում՝ սահմանադրականության եւ սահմանադրական օրինականության ապահովման հարցում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ՍԴ անդամի թեկնածուն ինչ տեսակետ ունի վերջերս քաղաքացիների՝ դատարանները շրջափակելու գործողության մասին: Արթուր Վաղարշյանը պատասխանեց, որ հանրության ճնշումը դատարանների հանդեպ պետք է լինի օրենքի շրջանակներում, եւ, օրինակ, դատավորին պատուհանից քաշել-հրելը ճիշտ չէ: Գեւորգ Պապոյանը չհամաձայնեց. «Նման իրավիճակ չկար, դատավորն ինքն է ընկել: Ժողովուրդը խաղաղ կանգնել է դատարանների առաջ: Որեւէ ապօրինություն չի եղել»:

Արթուր Վաղարշյանն ուղղեց պատգամավորին. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց անգամ ժողովուրդը պետք է ղեկավարվի իր իսկ ընդունած սահմանադրությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Վաղարշյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031