Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:
Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն:
Այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով:
Նեղ կազմով հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և նրան «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով պագևատրելու մասին` հաշվի առնելով նրա պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հարգելի անդամներ,
Հարգելի Նուրսուլթան Աբիշի,
Նիստի հարգելի անդամներ,
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախստանյան կողմին` գերազանց ընդունելության և ավանդական հյուրընկալության համար, ինչպես նաև մեր հոբելյանական գագաթնաժողովի փայլուն կազմակերպման համար:
Ցանկանում եմ շնորհավորել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչումն ստանալու կապակցությամբ: Նուրսուլթան Աբիշի, Ձեր դերը Միության ձևավորման գործում իսկապես անգնահատելի է:
Ինչպես բազմիցս նշել եմ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար:
Հարգելի գործընկերներ,
Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերի վերաբերյալ կցանկանայի նշել հետևյալը. որպես նախագահող երկիր՝ Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից:
Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը:
Գոհունակությամբ կցանկանայի նշել Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, չնայած նրան, որ, ըստ էության, այդ բանակցությունները վարվում են երեք առանձին ուղղություններով` ապրանքներ, ծառայություններ և ներդրումներ:
Հաշվի առնելով, որ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների և ներդրումների առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարևոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթն ստորագրվի այս տարի:
Ես նաև ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսին մտադիր եմ այց կատարել Սինգապուր, որի ընթացքում կանեմ հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց ապահովվի:
Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս «կարգավորիչ ավազանների» հատուկ իրավական ռեժիմների ստեղծման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, թվային տրանսպորտային միջանցքների աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև թվային զարգացման կենտրոնների ստեղծման հարցերով խմբերի գործունեությանը:
Համոզված ենք, որ ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում իրականացվող և անդամ պետությունների կարողությունների ընդլայնմանը միտված աշխատանքի դինամիկ զարգացումը կնպաստի համագործակցության մակարդակի բարձրացմանը և հարմարավետ պայմաններ կստեղծի բիզնեսի համար: Նշված ուղղությամբ առաջխաղացումը թույլ կտա անդամ պետություններին բարձրացնել իրենց մրցունակությունը, ավելացնել ապրանքների և ծառայությունների առևտուրը` ինչպես անդամ երկրների միջև, այնպես էլ երրորդ երկրների հետ:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունն իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք կատարվել են անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ–ին միանալու առանձնահատկությունները:
Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձևավորել անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման և համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաև թույլ կտան սահմանել անդամ պետությունների և երրորդ երկրների համակարգային օպերատորների միջև համագործակցության սկզբունքները:
Եզրափակելով խոսքս` կցանկանայի նշել, որ ուրախ կլինենք ողջունել ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նիստում քննարկվել են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործմանը, 2019-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ընթացքին, 2017-2018 թթ. ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ծառայությունների և գործունեության առևտրի կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքներին, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրագործմանը: Ստորագրվել են ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխությունների իրականացման արձանագրությունները, ԵԱՏՄ 2017թ. ապրիլի 11-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների շարժին հետևելու մեխանիզմի մասին համաձայնագիրը: Ստորագրվել են Ղրղզական Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի կիրարկման պայմանների ու անցումային դրույթների մասին արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Քննարկվել են ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման արդյունքում արձանագրված արդյունքները և հետագա անելիքները: Ներկայացվել է սահմանամերձ շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերացման նպատակով ընդունված միջոցների վերաբերյալ ԵԱՏՀ տարեկան հաշվետվությունը:
Խորհուրդը որոշում է ընդունել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնելու վերաբերյալ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ