Ադրբեջանի և Վրաստանի սահմանին լարվածություն է առաջացել, որի համար առիթ է հանդիսացել Ադրբեջանի իշխանությունների նոր որոշումը՝ սահմանափակել վրացի ուխտավորների մուտքը Դավիթ Գարեջի վանական համալիր:
Դավիթ Գարեջի վանական համալիրը գտնվում է երկու երկրների հենց սահմանին, ընդ որում դրա մի մասը վերահսկում է ադրբեջանական կողմը: Վանքերին և Չիչխիթուրի աշտարակին հասնելու համար ուխտավորները պետք է հաղթահարեն մի քանի կիլոմետր նեղ ճանապարհ: Սահմանի այս հատվածը երկու պետությունների միջև դեռ գծանշված չէ:
Հարյուրավոր վրացի ցուցարարներ Ադրբեջանի իշխանությունների նոր որոշումից հետո հավաքվել են վիճելի տարածքում՝ պահանջելով Վրաստանի իշխանություններից քայլեր ձեռնարկել՝ այն Վրաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու ուղղությամբ:
Իրավիճակը մեկնաբանել են վրացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայտարարություն է տարածել Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:
Կարդացեք նաև
«Վրաստանի և Ադրբեջանի միջև լուրջ խնդիր է ցանկանում ստեղծել մի երրորդ ուժ, որը իր նպատակին հասնելու համար, ցավոք, հենարան է գտնում ինչպես մի, այնպես էլ մյուս երկրում»,- ասվում է պատրիարքի հայտարարության մեջ:
Երրորդ ուժի է մեղադրել նաև խորհրդարանի «Ազգային շարժում» խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին:
«Այսօր անտեսանելի ռուսական դրոշ է ծածանվում նաև Դավիթ Գարեջիում, քանի որ ամենուր, որտեղ խնդիր է առաջանում Վրաստանի և Ադրբեջանի միջև, այնտեղ ծածանվում է ռուսական դրոշը»,- ասել է նա խորհրդարանի լիագումար նիստում:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն էլ զգուշացրել է, որ ցանկացած քայլ ձեռնարկելիս պետք է նկատի ունենալ, որ գործ ունեն բարեկամական պետության հետ:
«Մենք գործ ունենք մեզ բարեկամական պետության՝ Ադրբեջանի հետ. ելնելով դրանից՝ հնարավորություններ կան ճիշտ լուծել խնդիրը»,- ասել է նա:
Մեկ այլ պատգամավոր՝ «Հայրենասերների դաշինքի» անդամ պատգամավոր Իրմա Ինաշվիլին Facebook-ի իր էջում Ադրբեջանին զգուշացրել է, որ չի կարելի պարծենալ մի բանով, որը քեզ չի պատկանում:
«Ես հարգում եմ Ադրբեջանի նախագահին և կարծում եմ, որ նա իմաստուն մարդ է, բայց հենց այդ իմաստությունն է, որ պետք է հուշի պարոն Ալիևին, որ չի կարելի պարծենալ Դավիթ Գարեջի վանական համալիրով և նրանով, ինչը քոնը չէ: Ես հարգում եմ հանդարտության կոչը և բոլորին հավաստիացնում եմ, որ մենք հանգիստ ենք: Ցուցաբերում ենք և՛ խելամտություն, և՛ պետական մտածողություն, և հենց այդ ոգով ենք պաշտպանում այն, ինչ մերն է: Իսկ ձևը, թե ինչպես մենք կպաշտպանենք մեր մշակութային ժառանգությունը, մեր ազատ ընտրության մի մասն է, ուստի որքան շատ մարդիկ չլքեն Դավիթ Գարեջի վանքը, այնքան լավ: Ուստի մենք հունիսի 1-ին անպայման կմեկնենք Դավիթ Գարեջի և այդ օրը և մյուս օրերին էլ որքան շատ լինենք, դա միայն կօգնի Վրաստանի և Ադրբեջանի խաղաղ ապագային: Եթե հանկարծ որևէ մեկը որևէ տեղ ծրագրի որևէ խարդավանք, որ կարող է լինել ավելի մեծ խարդավանք, ինչ մենք տեսանք վերջին օրերին: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը չթուլանա: Որպեսզի տաք սիրտը չսառի»,- գրել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ Վրաստանն ու Ադրբեջանն աշխատում են, նրանք պետք է շարունակեն աշխատանքը և հրապարակեն բոլոր մանրամասները, որպեսզի ժողովուրդը տեղյակ լինի իրադարձությունների ընթացքից:
«Մի՞թե այդ երկկողմ «աշխատանքը» նորություն է: Ինձ շատ հետաքրքիր է, այն ինչ համաձայնեցված է, այդ տարածքը համաձայնեցված է հօգուտ Վրաստանի՞, թե՞ հակառակը, ի՞նչ քարտեզով է այն համաձայնեցված: Բազմաթիվ հարցեր կան, և բոլորը պետք է պատասխանեն այդ հարցերին՝ և՛ հները, և՛ նորերը: Բոլոր իրական ադրբեջանցի եղբայրներին մենք նույնպես շնորհավորում ենք Անկախության օրվա առթիվ: Կրկնում եմ. մեր ադրբեջանցի հարևաններ, մենք հարգում ենք ձեզ, բայց հարգանք ակնկալում ենք նաև ձեզնից: Դավիթ Գարեջին մերն է, և հանգիստ թողեք այն, ինչ մերն է»,- գրել է Ինաշվիլին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ