«Արսեն Ջուլֆալակյանի հարցով դիմել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:
Նա մանրամասնեց, թե ինչ են փորձել պարզել. «Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված մեզ հետաքրքրում էր այն, որ նրա հայտարարագրում նշված չէր, որ նա բաժնեմաս ունի որևէ սրճարանում, խնդրում էինք վարչական վարույթ իրականացնել և պարզել, թե ինչքանով է իր խոսքերը համապատասխանում իրականությանը և իրականությունն ինչքանով է արտացոլված իր հայտարարագրում»:
Սուրեն Սահակյանը հայտնեց, որ մինչ օրս «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի ստացել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, կուսակցություններին ուղղված Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին դիմումների պատասխանները։ Միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է պատասխանել:
Կարդացեք նաև
Սուրեն Սահակյանն ասաց, որ անհեթեթ է իրենց այս նախաձեռնությունում պատվեր կամ պատվիրատուներ փնտրել ու պարզաբանեց. «Մեր նպատակը բիզնեսի ու պետական կառավարման համակարգի տարանջատումն է։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ մեր կողմից ձեռնարկված գործընթացը ուղղված չէ պարոն Ծառուկյանի դեմ։ Ավելին, խնդրի լուծման շահառուն հենց նա է։ Եթե կառավարման համակարգը և բիզնեսը տարանջատված լինեն, պարոն Ծառուկյանի գործունեությունը պաշտպանված կլինի հանրության կողմից»։
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ սա քաղաքական գործընթաց է, որին ուզում են տալ իրավական լուծումներ. «ՀՔԾ-ի պատասխանն ունենք, այնտեղ նշված է. տողատակերում երևում է, որ կարծես քննիչը գտել է, որ Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց 310 հոդվածն ասում է, դա օգուտ չի բերել, բայց այդ դեպքում ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում վնաս պատճառելու դեպքում նույնպիսի հոդված կա քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, եթե հասցրել է պետությանը խոշոր վնաս այդ հիմքով մենք բողոքարկել ենք ՀՔԾ-ի որոշումը: Այս գործընթացից հետո հիմա հարցը գալիս է ԱԺ-ի խորհրդին և ԱԺ-ին ընդհանրապես: Ուրեմն 95 հոդվածի խախտման դեպքերով երկու մարմին կարող է դիմել ՍԴ պատգամավորական մանդատից զրկելու համար: Մեկը Ազգային ժողովի խորհրդի դիմումն է, մյուսը ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի դիմումն է: Ընդ որում, ԱԺ խորհուրդը չի կարող չդիմել, եթե անհրաժեշտ փաստեր կան քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված. ԱԺ- խորհուրդը պարտավոր է: ԱԺ պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել, կարող է ոչ»:
Դառնալով իրենց հետագա քայլերին՝ Սուրեն Սահակյանն ասաց. «Եթե այս ընթացակարգը չհանգեցնի մեր ցանկացածին, դիմելու ենք բոլոր 132 պատգամավորներին դիմումով, որ նրանք այս իրավիճակին իրենց դիրքորոշումը ներկայացնեն, և կհասկանանք արդյոք 27 պատգամավորները պատրա՞ստ են հանդես գալ նախաձեռնությամբ, թե ոչ: Մենք ունենք նաև կուսակցությունների մասին օրենքով կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու պետական և ՏԻՄ մարմիններին, որից ևս կօգտվենք: Եթե իրավական գործընթացը հանգեցնի Ծառուկյանի նկատմամբ այս գործի վերաբերյալ վարչական տույժի, որոշակի պաշտոններ զբաղվելու իրավունքից զրկելու հետևանքների, մենք կրկին կդիմենք ԱԺ նախագահին, որ խորհրդի նիստին իր իրավունքներից և պարտականություններից բխող գործողություններ կատարի և ՍԴ դիմի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ