Պատգամավորների 15 «կողմ», 64 «դեմ» եւ 24 «ձեռնպահ» ձայներով այսօր ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեց «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը, հիշեցնենք, սահմանում է՝ ԱԺ նախագահի, վարչապետի եւ նախագահի արարողակարգային ծախսերը պետք է լինեն թափանցիկ:
ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախկինում այդ ծախսերը թափանցիկ էին, սակայն երբ պարզվեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գործուղման ժամանակ իրեն մեծ ծախսեր է թույյ տվել, նախորդ իշխանությունը 2017թ.-ին օրենսդրական փոփոխությամբ ոչ թափանցիկ դարձրեց գործընթացը: Գորգիսյանը վստահեցրեց, որ օրինագիծն առաջարկում է հրապարակել ծախսերի չափը, այլ ոչ թե պաշտոնյաների անվտանգությանն առնչվող տվյալներ:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը գործընկերներին առաջարկեց «դեմ» քվեարկել, քանի որ հանձնաժողովում օրինագիծը բացասական եզրակացության է արժանացել. «Իմ քայլը» գտնում է, որ անվտանգության խնդիր կառաջանա: «Չգիտեմ ինչպես, բայց Գեւորգ Գորգիսյանը չի հասկանում հարցի լրջությունը, կամ, գուցե իրեն չեն բացատրել»,-համոզմունք հայտնեց Քրիստինե Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում Քրիստինե Պողոսյանի եւ Գեւորգ Գորգիսյանի միջեւ այս օրինագծի քննարկման ժամանակ լեզվակռիվ էր եղել:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Նախագիծն անվտանգության որեւէ խնդիր չի առաջացնում, այլ ապահովում է թափանցիկություն: Քաղաքացիական հասարակության կառույցները եւ ընդդիմությունը, այդ թվում՝ «Ելք» դաշինքը, ժամանակին քննադատել են այն փոփոխությունը, որով նշյալ պաշտոնյաների ծախսերը դարձվել են փակ»:
Արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը. «Պարոն Մարուքյան, բավական է մանիպուլյացիաներ անեք «Ելք»-ի անունից: Իրավիճակ է փոխվել, «Ելք»-ի հայտարարությունները մի վկայակոչեք»:
Դավոյանին էլ արձագանքեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը. «Պարոն Մարուքյանը եղել է «Ելք»-ի առաջնորդը եւ երբ ուզի եւ որքան ուզի՝ կվկայակոչի դաշինքին առնչվող փաստերը»:
Դավոյանը չհամաձայնեց. «Բոլորս գիտենք, թե ինչ եղավ «Ելք» դաշինքի հետ 2018թ.-ին: Այնպես որ, մի հիշեցրեք, ամեն ինչ գիտենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ