ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն այսօր ԱԺ-ում էր՝ ներկայացնելու Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում ՀՀ նախագահի կողմից թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանին:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առիթն օգտագործելով՝ Տարասյանին հարցրեց. «Նախագահ Արմեն Սարգսյանը վերջը ի՞նչ կարծիք ունի օրերս կատարվածի՝ դատարանների շրջափակման եւ դատաիրավական համակարգի վերափոխումների գործընթացի մասին»:
«Նախագահը հետեւում է սահմանադրության պահպանմանը»,-նախ շեշտեց Էմիլ Տարասյանը, ապա նշեց,-«նախագահը միայն սահմանադրությամբ ամրագրված լիազորություններ է իրականացնում: Նա հանդես է եկել կոչով՝ ուղերձով: Դա միակ գործիքակազմն էր: Դա միակ հնարավոր տարբերակն էր՝ սահմանադրությամբ լիազորություններն իրականացնելու»:
Ըստ Էմիլ Տարասյանի՝ նախագահի ուղերձը հասցեագրված էր ոչ միայն հասարակությանը. «Կարծիք կա, թե նախագահն այդ ուղերձով դիմել է միայն փողոցում կանգնած քաղաքացիներին, բայց այդպես չէ, այն ուղղված էր բոլոր քաղաքացիներին՝ անկախ պաշտոնից եւ քաղաքական դիրքորոշումից: Դա առավելագույնն էր, որ կարող էր նախագահն այդ պահին անել: Պարզապես սպասումները չեն համապատասխանել սահմանադրությամբ ամրագրված նրա լիազորություններին»:
Կարդացեք նաև
Տիգրան Ուրիխանյանին Տարասյանի պատասխանը չգոհացրեց. «Ախր երկրում կարեւոր իրադարձություններ են կատարվում: Միայն ասում եք՝ հետեւում է…Հարցնում եմ՝ նախագահն ի՞նչ դիրքորոշում ունի դատական համակարգի վերաբերյալ: Նա ողջունե՞ց այն, ինչ տեղի ունեցավ: Մենք հստակ դիրքորոշում ենք ակնկալում»:
Էմիլ Տարասյանը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ նրա անունից դիրքորոշում հնչեցնել: Նախագահը հանդիպումներ է սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, ուստի կարծում եմ՝ իր դիրքորոշումն անձամբ կհայտնի առաջիկայում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ