ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում սկսեց դժգոհել, որ լրագրողները իրեն լավ հարցեր չեն տալիս, որոնց հանրությունը սպասում է: Երբ ասացինք՝ Դուք ուզում եք, որ լրագրողները միայն ասեն՝ «հալալ է ձեզ, պարոն Ծառուկյան»՝ նա արձագանքեց. «Որ դու նայում ես հեռուստացույց, կամ լսում ես, Ծառուկյանի արածները….հիմա ընտրություն չկա, բան չկա, Ծառուկյանն այն մարդն է, որն ուզում է ցանկացած հարցով օգտակար լինի, պիտանի լինի, լավ բան անի, մարդկանց դեմքին ժպիտ լինի: Ես հո չեմ հարցնում քաղաքական, կուսակցական պատկանելություն, Ծառուկյանին ձայն կտան, չեն տա: Մարդիկ պետք է կամեցող լինեն, Աստված վերեւի նայում է, չկամ, նախանձ մարդուն Աստված ոչինչ չի տալիս»:
Մեր դիտարկումից հետո՝ եթե վստահ լինենք, որ բոլոր հարկերը նորմալ վճարում եք եւ դրան զուգահեռ բարեգործություն եք անում…այդ վստահությունը չկա՝ Ծառուկյանը բորբոքվեց. «Դրանք բոլորը, որ ասում են, չար, նախանձ մարդիկ են, չարող մարդը միշտ արող մարդուն նախանձությունից չարախոսում է: Էս քանի՞ տարի է Ծառուկյանին ստուգում են, էդ ում պետք է ստուգեն՝ չեն ստուգում, ցավդ տանեմ, լավ, մի հատ աչքերդ բացեք: Ձեզ պարապած, փողերը տված՝ պարապած հարցերով եկել ես Ծառուկյանին ասում ես…հարկերը Ծառուկյանը եթե տված չլիներ՝ Ծառուկյանին կմորթեին»:
Լրագրողները հարցրեցին՝ մեզանից ո՞ր մեկին են փող տվել, որ ձեզ նման հարցեր տան, ինչո՞ւ եք մեղադրում՝ նա էլ, մատնացույց անելով «Առավոտի» լրագրողին՝ ասաց. «Այ էս աղջկան»: Ծառուկյանին տեղեկացրեցինք, որ «Առավոտի» լրագրողին փող տալիս է «Առավոտի» խմբագիրը՝ աշխատավարձի տեսքով, մենք պատվեր կատարողներ չենք, Ծառուկյանն էլ պատասխանեց. «Դու տենց բաների համար պիտի պատասխան տաս, աղջիկ ջան, դու բարոյական իրավունք ունե՞ս, որ ինձ տենց բան ես ասում»:
Մենք հիշեցրինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում «օդից կախված» լուրեր է հրապարակել ձեր՝ հարկեր չվճարելու մասին:
Կարդացեք նաև
Ծառուկյանը եկել է եզրակացության՝ էս տիպի մթնոլորտում էս տիպի ազգը ոչ մի լավ բանի չի կարող հասնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ