Անցած օրերը նշանավորվեցին միջազգային մասշտաբի սկանդալային պատմությամբ, կապված Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին Հայաստանի ազգային հավաքականի կապիտան, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության, ավելի ճիշտ՝ չմասնակցության հետ։
Հարցը վաղուց այլեւս անհատական կամ զուտ մարզական չէ։ Այն տեղափոխվել է քաղաքական եւ իրավապաշտպանական, ինչպես նաեւ՝ միջազգային կոռուպցիայի եւ պարզապես բարոյականության հարթություններ։
Խնդիրն, իհարկե, միայն այն չէ, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցի վճռորոշ խաղին, այլ այն, թե ինչ պատճառների համալիր է ստիպել հայ ֆուտբոլիստին նման որոշում ընդունել նույնիսկ այն պարագայում, երբ Ալիեւի ռեժիմը պաշտոնապես հայտարարեց անվտանգության երաշխիքների մասին։
Իհարկե, այդ «երաշխիքները» պետք է տեղավորել չակերտների մեջ, երբ հայտնի դարձավ, որ բրիտանացի երկրպագուների մեծ խմբին Բաքուն հրաժարվեց մուտքի արտոնագիր տալ, որովհետեւ նրանք հայկական ծագում ունեն կամ ենթադրաբար ունեն, եւ Մխիթարյանին տրված երաշխիքների արժեքն, ըստ այդմ, հավասար է զրոյի։ Շեշտենք, որ խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին չէ, այլ Բրիտանիայի, որոնք ունեն կամ կարող են ունենալ հայկական ծագում։ Եթե սա ռասիզմ չէ, նացիզմ չէ, ապա ո՞րն է ռասիզմը եւ նացիզմը։
Կարդացեք նաև
Այս զարգացումները պարզապես ի ցույց դրեցին, եւ միջազգային մամուլն էլ դրան անդրադարձավ, որ ի դեմս ալիեւյան Ադրբեջանի, որը հավակնում է կոչվել որպես «ամենատոլերանտ» հասարակություն եւ պետություն՝ գործ ունենք Ալֆրեդ Ռոզենբերգի մոտեցումներն ընդօրինակած մի հանրույթի հետ, որի առաջնորդ նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր առաջին, նաեւ՝ ամենասիրելի տեղակալ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան իրենց ենթականերով եւ մեդիա-վարձկաններով իրենց այդ հանրույթի «բարեմասնությունները» ներկայացնելու եւ «թշնամիներին» սեւացնելու, հանրությանն ապուշացնելու գործում մեկին մեկ ընդօրինակել են Յոզեֆ Գեբելսի մեթոդաբանությունը։
Ավելի պարզ ասած, գործ ունենք ֆաշիզմի մի փնթի-հոտային տարբերակի հետ, որի լավագույն խորհրդանիշը Ռամիլ Սաֆարովն է, եւ այս ամենն ուղղակի փորձանք է ողջ տարածաշրջանի համար, գործ ունենք պետական մակարդակով հայատյացության հետ՝ իր ռասիստական բոլոր դրսեւորումներով, իսկ ձեռնարկված sportwashing-ը, այն է «լվացումը սպորտով»՝ այլեւս չի կարող փոխել այդ ընկալումները, քանզի մենք ապրում ենք 2019-ին, այլ ոչ 1936-ին։
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Արսեն Վենգերը Բաքվի եզրափակիչն անվանեց «փոքրիկ կոշմար» երկրպագուների համար։ Խաղը կավարտվի, եւ հաջորդ օրն այդ «փոքրիկ կոշմարը» կանցնի՝ կգնա, բրիտանացի երկրպագուները եւ թիմերը կվերադառնան իրենց հայրենիք, սակայն իրողությունների հետ կմնանք մենք, կմնա տարածաշրջանը։
Ադրբեջանի ղեկավարության եւ հանրության գլխավոր խնդիրն այն է, որ աշխարհին չափում են սեփական արշինով, եւ նրանց թվում է, որ բոլոր երկրներն իրենց նման են կամ պետք է լինեն, որ խաների եւ բեյերի ժամանակները շարունակվում են, ու հետո զարմանում ու զայրանում են, երբ հանկարծ տեսնում են, որ դա այդպես չէ։ Եվ այդ իմաստով Բաքվի եզրափակիչը մակերես է հանում մի շարք լուրջ խնդիրներ ադրբեջանական հանրության ընկալումներում, որին արժե անդրադառնալ։
Այս այլասերված աշխարհայացքը, ինչպես տեսնում ենք պոստֆակտում, սովետական իշխանության տարիներին եւ դրանից հետո ոչ թե «բուժվեց», այլ ընդամենը ստացավ լատենտ ձեւեր՝ «կոմունիստական», իսկ հետո «ժողովրդավարական» փաթեթավորմամբ։ Պատմական առումով սա բավականին կարճ տեւեց, եւ ամեն բան դարձավ ի շրջանս յուր, վերհիշվեցին «փառավոր» ժամանակները, երբ շահնշահերն ուղղակի կոտորում կամ տեղահանում էին ոչ լոյալ ժողովուրդներին, նրանց փոխարեն այնտեղ բնակեցնում լոյալ քոչվորներին, նաեւ խրախուսելով փոքր ժողովուրդների թյուրքացումը։ Իսկ հետո գործը հասավ նույնիսկ նրան, որ պարսկական պետությունը Բաքվի «ակադեմիկոսները» սկսեցին համարել «ադրբեջանական կայսրություն», եւ հենց սրանից են սերում «Երեւանը՝ ադրբեջանական պատմական հող» եւ այդ կարգի մի շարք կրկեսային «թեզերը», որոնք ուղղակիորեն մերժում է նույնիսկ Վիկիպեդիան։
Առաջին իսկ օրվանից միջազգային մեկսուցման մեջ հայտնված սովետական իշխանության առաջին դաշնակիցը դարձավ քեմալական Թուրքիան, եւ բոլշեւիկները համաշխարհային հեղափոխության, այն դեպի Արեւելք արտահանելու ճանապարհին միանգամից արժեւորեցին Շիրվանի հարթավայրի՝ համաթուրանական գաղափարներով վարակված «պրոլետար»-քոչվորներին, որոնք գիր, գրականություն ու ազգանուններ էլ չունեին, եւ մեծ պարգեւ էին մեկը մյուսի համար։ Այդ հանրույթի համար պարգեւ էր նաեւ Արցախը, որտեղ նրանք նույնիսկ գրեթե չէին էլ ապրում։ Եվ ամենեւին էլ զարմանալի չէ, որ հենց սովետական տարիներին ծնվեցին առասպելները պարսիկ հանճար Նիզամիի եւ հալեպցի թուրքոման ու սուֆի Նասիմիի «ադրբեջանցի» լինելու մասին, Կովկասյան Ալբանիայի «պատմական ժառանգորդ» Ադրբեջանի մասին, եւ այդ ամենը նաեւ առատորեն «յուղվում էր» Բաքվի նավթով, որի հույսին էր մինչեւ 50-ականները ողջ սովետական կայսրությունը։
Իհարկե, ախորժակն ուտելու ժամանակ է բացվում, եւ հասկանալի է, որ այդ ախորժակի բավարարման գլխավոր խոչընդոտը՝ «դուշման»-հայերն են, եւ այդ մտայնությունն արմատավորվեց Ղարաբաղյան պատերազմի անհաջողություններով, հետո թեժացավ «հերոս» Սաֆարովի պատմությամբ, Ապրիլյան պատերազմի խայտառակությամբ, երբ բախվեցին հայերի համազգային ցասմանը եւ անձնուրաց դիմադրությանը, եւ տալով մոտ 600 զոհ՝ հետ շպրտվեցին ու դիմեցին ռուսներին, որ եւս 2-3 շրջան չկորցնեն։
Լավ, հայերի հետ ամեն ինչ պարզ է, պարզ է, թե ինչու են «դուշման», ինչու չեն գնահատում նրանց «ամենահումանիստական» եւ «ամենատոլերանտ» պետության տիտանական ջանքերը եւ բացառում են որեւէ ձեւով, բացի հորիզոնական հարաբերություններից՝ գործ ունենալ այդ պետության հետ։ Լավ, իսկ վրացիների հետ հարաբերություններում ի՞նչ պատահեց։ Իսկ պատահեց այն, որ սովետի կիսագրագետ բոլշեւիկ պաշտոնյաների գծած վարչական սահմանը երբ դարձավ միջպետական, վրացական քրիստոնեության եւ հին մշակույթի ամենավառ հուշարձաններից մեկը՝ Դավիթ Գարեջի վանական համալիրը հայտնվեց Ադրբեջանի տարածքում եւ հայտարարվեց «ալբանական քրիստոնեական», հետեւաբար՝ «հին ադրբեջանական», լեռը, որի վրա կառուցված է Դավիթ Գարեջին՝ «Քեշիքչիդաղ», եւ սկսեցին խնդիրներ հարուցել վրացի հոգեւորականների եւ ուխտավորների համար, անցկացնել ցուցադրական ակցիաներ, ինչը, բնականաբար, հարուցեց վրացական հանրության արդարացի ցասումը, իսկ ոմանց՝ նաեւ հեգնանքը, երբ Դավիթ Գարեջի վանքն ադրբեջանական պրոպագանդայի հանգույն կոչեցին «Սուրբ Իլհամի եկեղեցի»։
Իհարկե, վրացական կողմում կա հակվածություն համարելու, որ կրքերի թեժացման հետեւում կանգնած են ռուսները, իսկ ադրբեջանական կողմում համարում են, եւ դա զարմանալի չէ, որ իբր դրա հետեւում կանգնած են հայերը եւ «թաքնված հայերը»։ Մինչդեռ ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնել սելջուկյան լկտիության վրա, որը դարձել է ադրբեջանական իշխանության քաղաքական պրակտիկա՝ թե երկրի ներսում, թե դրսում։ Եվ ամենեւին էլ բացառված չէ, որ դրանից ռուսներն օգտվեն իրենց նեոկայսերապաշտական ռազմավարության շրջանակներում։ Իսկ հայերին մեղադրում են «չարախնդալու», կրակի մեջ յուղ լցնելու մեջ, մինչդեռ ամենեւին էլ Հայաստանի շահերից չի բխում, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտության եւս մեկ օջախ հայտնվի, այն էլ Հայաստանի սահմաններից հաշված կիլոմետրերի հեռավորության վրա, որի արդյունքում Վրաստանը թեկուզ չնչին չափով կթուլանա։ Ուստի չարախնդալու առիթ էլ չկա, կա խորապես մտահոգվելու առիթ եւ ցանկություն, որպեսզի այս խնդիրն օր առաջ լուծում ստանա։ Սակայն սա այն դեպքը չէ, երբ միայն բարի ցանկությունները բավարար են, եւ ախտորոշումն իր անվանումով կոչելուց խուսափելը գուցե բերի ինչ-որ ժամանակավոր հանդարտեցման, սակայն, միեւնույն է, որոշ ժամանակ անց կրկին կթեժանա։
Եզրափակիչ խաղի շուրջ ստեղծված իրավիճակն Արսեն Վենգերն անվանեց փոքրիկ «կոշմար» երկրպագուների համար, բայց ինչպես տեսնում ենք, այդ փոքրիկ «կոշմարը» երկնքից չիջավ, այլ ածանցվում է այն ամենեւին էլ ոչ փոքր «կոշմարից», որը կոչվում է ալիեւյան Ադրբեջան՝ իր ողջ հասարակական-քաղաքական հյուսվածքով, որը սերում է դեռ ԽՍՀՄ-ի տարիներից, ԿԳԲ-ի ծնունդ «համազգային առաջնորդից», որի արձանները տնկված են Ադրբեջանի ամեն գյուղում, ներծծված է քարանձավային կոնսպիրոլոգիայով, պանթուրանական շովինիզմով եւ արհամարհանքով քաղաքացիական իդեալների նկատմամբ։
Որքան էլ որ խոսենք «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու» համատեքստում Ադրբեջանի տրանսֆորմացիայի հնարավորության մասին, պարզ է դառնում, որ Ալիեւի ժառանգական ռեժիմը ոչ թե պատճառն է այնտեղ տիրող իրողության, այլ հետեւանքը, որ այդ հյուսվածքն ամբողջությամբ հիվանդ է, եւ առանց դենացիֆիկացիայի՝ այդ ռեժիմը պարզապես պրոբլեմ է ոչ միայն հայերի, այլեւ տարածաշրջանի եւ քաղաքակրթության համար։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
29.05.2019