Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամ. «Բոլորս էլ պատրաստ ենթ վեթթինգի, էնպես չի, որ մենք թաքցնելու որեւէ բան ունենք». «Հրապարակ»

Մայիս 29,2019 12:38

Օրերս դատավորների ընդհանուր ժողովը 5 ժամանոց քննարկումից հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ կշտամբելով Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)։ Հայտարարության մեջ նշված էր, որ «ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։ Ի դեպ, դատավորների ընդհանուր ժողովի նիստին 230 դատավորից մասնակցել է ընդամենը 165-ը։ ԲԴԽ– ից սրա վերաբերյալ դեռեւս հստակ արձագանք ու դիրքորոշում չի հնչել, թե արդյոք համաձայն են դատավորների գնահատականներին։ Ավելի շատ կարծես խուսափում են հստակ գնահատական տալ այս հայտարարությանը՝ այնպես, ինչպես խուսափեցին հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների դռներն արգելափակելու վերաբերյալ կոչին։ ԲԴԽ անդամ եւ դատավոր Սերգեյ Չիչոյանն այս առնչությամբ ասաց հետեւյալը. «էդ գնահատականն ընդհանուր ժողովն է տվել, ես որեւէ բան չեմ կարող արձագանքել, պարզապես կուզեի օբյեկտիվ իրավիճակ լիներ, իրենք օբյեկտիվ գնահատական տային, ինչ-որ տեղ իրենք մեր աշխատանքին կարող էին ավելի ճիշտ գնահատական տալ»։

-Իշխանությունները մտադիր են դատավորների շրջանում վեթթինգ իրականացնել։ Բայց անորոշ է՝ ինչպես են դա անելու, ինչ օրենսդրական փոփոխությամբ։ Դուք ի՞նչ պատկերացում ունեք այս առումով։

– Ես չեմ կարող ասել՝ օրենսդիր մարմինն ինչպիսի փոփոխություններ, ինչպիսի նախագիծ կներկայացնի։ Երբ որ նախագիծը ներկայացվի, կարծում եմ՝ մենք ունենք նաեւ պայմանավորվածություն կառավարության հետ, որ օրենքի նախագծերը նաեւ ուղարկում են ԲԴԽ կամ համապատասխան մարմիններին։ Երբ որ ծանոթանամ նախագծին, նոր հնարավորություն կունենամ կարծիք հայտնելու։ էս պահին ես չգիտեմ՝ ինչի մասին է, ոնց են անելու։

– Ընդհանրապես, Դուք վեթթինգի պրակտիկային, միջազգային փորձին ծանո՞թ եք՝ ինչպես է այն իրականացվում, ո՞ր երկրներում, ո՞ր դեպքերում, կամ արդյոք դա լա՞վ բան է, առհասարակ։

– Վեթթինգը լավ բան է, թե վատ բան, թող հանրությունը որոշի։ Եթե հանրությունը գտնում է, որ դատավորը պետք է վեթթինգի ենթարկվի, թող ենթարկվի, դա ի՞նչ խնդիր է։ Բոլորս էլ պատրաստ ենթ վեթթինգի, էնպես չի, որ մենք թաքցնելու որեւէ բան ունենք։ Ես իմ մասով կարող եմ ասել՝ արդեն բավականին երկար ժամանակ՝ շուրջ 20 տարի, աշխատում եմ դատավոր, տեսանելի է իմ արած

գործունեությունը։ Ու կարծում եմ՝ իմ գործընկերներն էլ նույն վիճակում են։ էդ օրենքը կընդունվի, խնդիր չեմ տեսնում դրա մեջ, ես մտահոգվելու բացարձակ կարիք չունեմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031