Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել իր աջակիցների հետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցին՝ ԲՀԿ-ն հնարավո՞ր է համագործակցի Քոչարյանի հետ, թե՞ այրված են բոլոր կամուրջները՝ պատասխանեց. «Օրակարգում նման հարց չկա, մենք չենք քննարկել»: Թե ինչպե՞ս է վերաբերում Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ինչ օրենքն է, օրենքի սահմանում կատարվել է»:
Հետաքրքրվեցինք՝ ինչ ազատության մեջ է Ռոբերտ Քոչարյանը, նրա հետ հանդիպե՞լ եք, նրան զանգե՞լ եք, փորձե՞լ եք կապվել, նա պատասխանեց. «Ոչ զանգահարել եմ, ոչ հանդիպել եմ, անվտանգությանը դիմեք, ձեզ կպատասխանեն»: Հարցին՝ ինչո՞ւ եք խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց, նա ի պատասխան բարկացավ՝ ինչի՞ եք ենթադրում, որ խուսափում եմ. «Չի եղել, չենք զանգել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»:
Դիտարկմանը՝ ժամանակին դուք սերտ համագործակցել եք նրա հետ, ձեր ուժը միշտ կապում էին նրա հետ, հիմա ցանկություն չկա՞ նրա հետ աշխատելու, Ծառուկյանը պատասխանեց. «Եղբայր ջան, հիմա ում հետ պետք է՝ կապում են, որտեղ անհրաժեշտությունը կա: Մենք ի՞նչ կապ ունենք, ասենք թե, որ պետք է կապեն: Ամեն մարդ իրավունք ունի էսօր քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Էսօր օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:
Լրագրողներն ասացին, որ Քոչարյանը ժամանակին ձեզ աջակցել է բիզնեսի ծաղկեցման հարցերում՝ Ծառուկյանն արձագանքեց. «Ի՞նչ ես ասում, աղջիկ ջան, կարող է քո բարեկամներին է աջակցել: Ինձ ոչ մեկը չի աջակցել, որեւիցե մեկի առաջ ոչ պարտավորություն ունեմ, որեւիցե մի բան չունեմ, հերիք է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ